Արամ Մանուկյանի արձանը տեղադրվեց (տեսանյութ)
Տեղադրվեց առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը։ Թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արձանի տեղադրման աշխատանքները կհետաձգվեն արձանի տեղի փոփոխության պատճառով, սակայն այն տեղադրվեց նախապես պլանավորված վայրում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում։ Քաղաքաշինության կոմիտեն նույնպես հորդորում էր դադարեցնել արձանի տեղադրման աշխատանքները և հանրային քննարկում կազմակերպել։ «Հանրային քննարկումը ժամկետանց թեմա է, որովհետև արձանն արված է, մեջը մոնոլիտ երկաթ-բետոն է, այն տեղահանելը կնշանակի ավերել, որովհետև այն ապամոնտաժել չի լինի։ Քաղաքապետարանը մրցույթը հայտարարել էր այս տեղի համար, ասեին Էրեբունիում կամ Արամի փողոցում էր տեղադրվելու, ճարտարապետը կմտածեր այդ փողոցի համար»,- նշում է տեղադրմանը ներկա ճարտարապետ Համլետ Մարտիրոսյանը։ Արձանի քանդակագործ Դավիթ Մինասյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ, նշելով, որ կխոսի արձանի բացման ժամանակ։ Նրա խոսքով՝ բացումը կլինի հուլիս ամսվա սկզբին։