Իտալիայում բնակվող քանդակագործ Միքայել Օհանջանյանը հաղթել է միջազգային  մրցույթում

Ֆլորենցիայի Օպերա Դել Դուոմո թանգարանում ժամանակակից արվեստի ինքնատիպ ստեղծագործություն տեղադրելու նպատակով կազմակերպված միջազգային հեղինակավոր մրցույթում հաղթել է  Հայաստանի ներկայացուցիչ, Իտալիայում բնակվող քանդակագործ Միքայել Օհանջանյանը:

Արվեստաբանները, արվեստի պատմաբաններն ու համադրողները  մրցույցին ներկայացրել էին 45 առաջարկ: Եզրափակիչ փուլ անցած 5 արվեստագետներից լավագույնը եղել է քանդակագործ Միքայել Օհանջանյանի՝  «Շեմը ակունք է» խորագրով նախագիծը:

Այս տեղեկությունը նախօրեին հրապարակել է  «Արվեստ՝ աշխարհի համար» (Art for The World)  միջազգային հեղինակավոր կազմակերպությունը՝ նշելով.«Միքայել Օհանջանյանի ինքնատիպ ստեղծագործությունը՝ «Շեմը ակունք է» հայերեն անվանմամբ, կտեղադրվի Ֆլորենցիայի Օպերա դել Դուոմո թանգարանի նախասրահում 6 ամիս շարունակ՝ սկսած 2018 թվականի հոկտեմբերից»:

Մրցույթի պահանջն է եղել՝ նախագծել աշխատանք, որը մեկնաբանում  է հույսի էությունը` Ֆլորենցիայում առկա, համաշխարհային ճանաչում ունեցող փառահեղ ստեղծագործությունների և ժամանակակից արվեստի խնդիրների տեսանկյունից: Փետրվարին կազմակերպված մրցույթի գլխավոր պայմանն էր՝ աշխատանքը ներկայացնել ժամանակակից արվեստի ոճով՝ արտահայտելով համընդհանուր արժեքներ:

Միքայել Օհանջանյանի նախագիծը ներկայացնում է հույսի ինքնատիպ մեկնաբանություն. «Հույսը ինձ համար դինամիկ շարժում է, գործողություն, կյանքի կայծ, ես կասեի՝ հենց ինքը՝ կյանքը, հույս է…»,– մեկնաբանում է արվեստագետը: