Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում գումարվել է 8 հերթական, 7 արտահերթ եւ 4 հատուկ նիստ

Պաշտոնական
azgayin-joxov-2

ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի հունվարի 15-ին եւ ավարտվել հունիսի 21-ին: Այդ ընթացքում գումարվել է 8 հերթական, 7 արտահերթ եւ 4 հատուկ նիստ: Հաշվետու ժամանակահատվածում ԱԺ-ն ընդունել է 24 հիմնական օրենք, 9 օրենք-համաձայնագիր եւ կատարել 290 փոփոխություններ ու լրացումներ արդեն գործող օրենքներում: 28 օրենք հեղինակել են ԱԺ պատգամավորները, 295-ը՝ ՀՀ կառավարությունը: Վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 108 լոկալ, 7 նորմատիվային եւ 12 անհատական որոշում: Խորհրդարանն ընտրել է բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ եւ նախագահ, երկու անգամ՝ ՀՀ վարչապետ, հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին: ԱԺ-ն ընդունել է նաեւ «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» եւ «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարությունները: Քննարկել եւ ի գիտություն է ընդունել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին», «ՀՀ դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումները, ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը, «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը, «2017 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» եւ ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները (Գնաճի հաղորդում): Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգ է տեղափոխվել 19 հարց, որից 13-ն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծեր են: Շրջանառության մեջ է նստաշրջանի օրակարգ դեռեւս չընդգրկված 69 հարց: