Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն ընդունել է ՌԴ-ից ժամանած հայազգի գործարարներին (տեսանյութ)

Պաշտոնական
niko

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանից՝ Կրասնոդարից, Ռոստովից, Ստավրոպոլից, Նովոռոսիյսկից և այլ քաղաքներից ժամանած հայազգի մի քանի տասնյակ գործարարների: «Ուրախ եմ հանդիպելու և ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրության համար, հույս ունեմ, որ ձեր հետաքրքրությունն իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ: Կարծում եմ՝ կարիք չկա ներկայացնելու այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, քանի որ տեղյակ եմ, որ հետևել եք իրադարձություններին, ենթադրում եմ՝ ձեզնից ոմանք նույնիսկ հնարավոր է անմիջական մասնակցություն ունեցած լինեն դրանց: Ձեր այս ներկայացուցչական այցը վկայում է, որ հետաքրքրված եք նաև գործընթացի շարունակությամբ: Հիմա, երբ փոփոխությունները տեղի են ունեցել՝  կարևոր է, որ համատեղ ջանքեր գործադրենք դրանց դրական արդյունքները երաշխավորելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այսօր Հայաստանում ամենաակտիվ գործընթացը, որ տեղի է ունենում՝ կոռուպցիայի դեմ պայքարն է, ինչը պետք է հետագա զարգացումների համար անհրաժեշտ դաշտ ապահովի: Վարչապետը հույս է հայտնել, որ այդ գործընթացը կդառնա ապացույցն այն բանի, որ ՀՀ նոր իշխանությունները տրամադրված են Հայաստանում ապահովել օրինականություն և գործողությունների հավասար դաշտ բոլորի համար: «Հույս ունենք, որ այս գործընթացի արդյունքում դեպի Հայաստան ներդրումներ կհոսեն: Մեր ընկալումը հետևյալն է, որ ներդրողները ստանան ռեալ շահույթ, օգուտներ և նրանց գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունն օգուտներ ստանա երկու հիմնական ուղղություններով՝ առաջինն աշխատատեղերի բացումն է, երկրորդը՝ պետական եկամուտների աճը: Ընտրվելով վարչապետ՝ հանդիպում եմ ունեցել գործարար շրջանակների հետ և ասել, որ նրանք այլևս ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորությունից, դրանք ՀՀ-ում այլևս չեն գործելու, ինչը ևս մեկ ազդակ է ու խթան, որպեսզի գործարար դաշտը բարելավվի»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանից մարդիկ հեռացել են ոչ միայն սոցիալական անարդարությունների բերումով, այլև այն պատճառով, որ հավասար հնարավորություններ չեն ստեղծվել բոլորի համար: «Այսօր այդ խնդիրները քաղաքական մակարդակով վերացած են և մենք բոլորին, հատկապես մեր հայրենակիցներին հրավիրում ենք Հայաստանում ներդրումներ անելու, աշխատատեղեր բացելու և աշխատելու մեր հայրենիքը շենացնելու ուղղությամբ: Ընդ որում, սկզբունքային եմ համարում հենց ձեր կողմից արած շեշտադրումը, որ բավական է Հայաստանը դիտել որպես բարեգործություն անելու օբյեկտ: Մենք անկեղծ ենք մեր ցանկության մեջ, ուզում ենք, որ գաք՝ ներդրում անեք, որ շահույթներ ունենաք:  Ամենակարևորը վստահությունն է, հույս ունեմ՝  վստահ եք, որ այն ինչ ասում եմ՝ այն է, ինչ կա իմ մտքում, այն է, ինչ կա իմ սրտում, իմ հոգում: Համոզված եմ, որ ձեր օգնությունը լինելու է, որովհետև մեր անկեղծ կոչին հետևել է անկեղծ արձագանք, որովհետև ի՞նչն է ստիպել ձեզ այսօր գալ այստեղ՝ ոչինչ, միայն օգնելու անկեղծ ցանկությունը և շնորհակալ եմ այդ ցանկության համար: Մենք ամեն ինչ կանենք, որ անկեղծ օգնելու այդ ցանկության մեջ ոչ մի հիասթափություն չապրեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  Գործարարներն ընդգծել են, որ հայրենիք են ժամանել կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնց ուղղությամբ կանցկացնեն քննարկումներ: Նրանք վստահություն են հայտնել, որ տարբեր, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների, առողջապահության և այլ ոլորտներում նախատեսվող ծրագրերի արդյունքում կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր:   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը և այդ ուղղությամբ կառավարության առաջիկա ծրագրերին: