Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՊԾ պետի ընտրությունը աղմուկ է բարձրացրել (տեսանյութ)

Հասարակություն
qnar

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոր պետ ունի՝  ի դեմս Գեորգի Ավետիսյանի: Այսօր նրա առաջին աշխատանքային օրն է։  «Կվերականգնենք վստահությունը ոլորտի նկատմամբ, կտարվի պայքար կոռուպցիայի դեմ եւ մասնագիտական կադրերով կհամալրենք ոլորտը»: Մինչ Գեորգի  Ավետիսյանը թվարկում է ոլորտի առաջնահերթությունները, պաշտոնի հավակնորդներից՝ միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը դժգոհում է ընտրությունների անցկացման կարգից։   «Նոր Հայաստանի պատմության մեջ կայացած առաջին ընտրության արդյունքները կեղծվեցին»,-ասում է նա:  «Կայացել է տեսչական մարմնի նիստ, որտեղ պետք է քննարկվեր կառավարության կողմից առաջարկված թեկնածությունը: Մրցույթ, որպես այդպիսին` չի եղել»,-հավելում է Գրիգոր Ավետիսյանը: ՍԱՊԾ պետի պաշտոնին հավակնել են 3 թեկնածու՝ Գրիգոր Գրիգորյանը, Պետական պահպանության ծառայության սանիտարական բժիշկ՝ Արարատ Գյուլումյանը եւ Անասնաբուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գեորգի Ավետիսյանը:  Գրիգոր Գրիգորյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ գործընթացի անցկացման մասին պատշաճ իրազեկում չի եղել:  «Դա եղել է ակնհայտ քողարկված գործողություն: Հայտարարությունը եղել է ֆեյսբուքում, ոչ թե իրենց պաշտոնական կայքում: Գրված չէր նույնիսկ վերջնաժամկետը»:  Գեորգի Ավետիսյանն էլ նշում է.  «Ինձ կառավարությունն է առաջարկել, կոնկրետ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից եմ առաջարկը ստացել»: Գրիգոր Գրիգորյանի համար կասկածի տեղիք են տվել հանձնաժողովի անդամների ով լինելը:  «Մրցույթի հանձնաժողովում երկու եղբայրներ են՝ Պիպոյան եղբայրները: Նրանք Գեորգի Ավետիսյանի ընկերներն են:  Այս հանձնաժողովն  իր մեջ պարունակում է շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր, սա քաղաքական կոռուպցիա է»,-նշում է նա: «Եթե նկատի ունեք Գիրգոր Գրիգորյանի ասածը, ապա նա է ինձ Պիպոյան եղբայրների հետ ծանոթացրել: Նրանք շատ բծախնդիր են եւ պահանջկոտ իրենց ընկերների նկատմամբ»,- ասում է Գեորգի Ավետիսյանը: Չնայած  Գեորգի Ավետիսյանի նշանակումը աղմուկ է առաջացրել, վերջինս պնդում է՝ կարճ ժամանակ անց այս կառույցում կոռուպցիան իսպառ կվերանա: