Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ մարմնամարզիկները չեն լինի պատանեկան օլիմպիական խաղերում

Սպորտ
sport-gimnastika

Հայաստանի մարմնամարզիկները չեն մասնակցի այս տարի Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին: Այդ մասին «Ա1+»-ին ասաց տղամարդկանց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Պատանեկան օլիմպիական խաղերի մարմնամարզության ընտրական մրցաշարն վերջերս է կայացել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Մենք հրաժարվեցինք մասնակցությունից եւ ինքնաբերաբար դուրս մնացինք այդ պայքարից: Ուղեգիր նվաճելու այլ տարբերակ մենք այլեւս չունենք», - ասաց մարզիչը: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան նման որոշում կայացրել, առավել եւս որ դա օլիմպիական ուղեգիր նվաճելու միակ հնարավորությունն էր, Հակոբ Սերոբյանն ասաց. «Մենք, բնականաբար, այդ հարցով դիմել ենք ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությանը: Մեզ ասացին, որ ցանկալի չէ մեկնել Բաքու, քանի որ այնտեղ մրցումների ժամանակ այնպիսի լարված մթնոլորտ է ստեղծվում, որ հնարավոր չէ հանգիստ ելույթ ունենալ: Հաշվի առնելով դա, ինչպես նաեւ այն, որ մեր մարմնամարզիկը տակավին երիտասարդ է եւ կարող է չդիմանալ այդ լարվածությանը, որոշեցինք հրաժարվել այդ մրցումներից»: Ինչպես հայտնեց Հակոբ Սերոբյանը, մեր երիտասարդ մարմնամարզիկները միանշանակ կարող էին օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճել Բաքվում: «Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարում անցումային էին 1-17-րդ տեղերը: Մեր երիտասարդ մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը հաստատ տեղ կզբաղեցներ այդ հորիզոնականներում, քանի որ նա վերջերս 77.0 բալով առաջին տեղն էր գրավել միջազգային խոշոր մրցաշարում», - եզրափակեց Հակոբ Սերոբյանը: Հավելենք, որ 2020 թվականին մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը նույնպես կայանալու է Բաքվում: