Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Իրանը կարող է դուրս թողնել Պորտուգալիային, կամ՝ հակառակը

Սպորտ
sport-futbol-ashxarh

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան 3-րդ տուրի առաջին չորս հանդիպումները: Ավաղ, մարզական առումով այդ խաղերից կարեւոր նշանակություն ունեն միայն երկուսը: Խոսքը վերաբերում է B խմբի Իսպանիա – Մարոկո եւ Իրան – Պորտուգալիա հանդիպումներին: Երկու տուրից հետո իսպանացիներն ու պորտուգալացիները 4-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը: Իրանցիները ունեն 3 միավոր, իսկ մարոկացիները՝ միավոր չունեն: Իսպանիայի հավաքականն իր տեղը կարող է կորցնել միայն այն դեպքում, եթե ամենաքիչը երկու գնդակով պարտվի Մարոկոյին, իսկ Իրանը 1:0 հաշվով հաղթի Պորտուգալիային: Համենայնդեպս, իրանցիներին այսօր միայն հաղթանակը կարող է փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովել: Թե ինչպես կընթանան իրադարձությունները, պարզ կդառնա ժամը 22:00-ին, երբ միաժամանակ կմեկնարկեն խաղերը: Իսկ ահա A խմբում կայանալիք Ուրուգվայ – Ռուսաստան եւ Սաուդյան Արաբիա – Եգիպտոս հանդիպումները մեծ առումով ոչ մի նշանակություն չունեն: Ուրուգվայցի եւ ռուս ֆուտբոլիստները մեկնարկում տարել են երկուական հաղթանակ եւ արդեն մտել են 1/8 եզրափակիչ: Նրանք իրար հետ խաղում պարզապես որոշելու են խմբի հաղթողին: Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հավաքականները ժամանակից շուտ դուրս են մնացել պայքարից եւ հիմնականում պայքարելու են իրենց հեղինակության համար: Այս հանդիպումները կմեկնարկեն ժամը 18:00-ին: