Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Թանկյանն այցելել է Մշակույթի նախարարություն (տեսանյութ)

Հասարակություն
serj

«Սերժ Թանկյանն այսօր այցելել է Մշակույթի նախարարություն առաջին անգամ»,- իր ֆբ-յան էջում գրել է Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ հրապարակելով իր և Թանկյանի լուսանկարը:  Սերժ Թանկյանը նախարարությունում էր կոնկրետ ծրագրերով ու առաջարկություններով Ինչպես  տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը՝ նախարար Լիլիթ Մակունցն ասել է, որ երկու ամիս առաջ անգամ չէր կարող պատկերացնել, որ Թանկյանի հետ  մշակութային ծրագրեր կարող է քննարկել: «Չափազանց ուրախ եմ դրա համար և ուզում եմ հարցնել՝ ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանում»,-նշել է Մակունցը: Սերժ Թանկյանի խոսքով՝ ծրագրերը շատ են: «Creative Armenia» մշակութային հիմնադրամի հետ մի քանի ֆիլմի գաղափար ունենք, որոնցից մեկը՝ իմ ֆիլմը, նվիրված կլինի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը: Վաղուց խմորվում է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն հիմնելու գաղափարը: 2017-ին այստեղ հանդիպեցի մի քանի երիտասարդների, որոնք մշակույթի նախկին նախարարի հետ պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիա ստեղծելու պայմանավորվածություն էին ձեռք բերել: Ես կարծում եմ, որ այդ ծրագրին պետք է ընթացք տալ, որովհետև նվագախմբի համար նախատեսված պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիան, մասնավորապես կինոարտադրության զարգացման տեսանկյունից, Հայաստանում այսօր անհրաժեշտություն է: Ինքս պատրաստ եմ օժանդակել այդ հարցում»: Լիլիթ Մակունցը շեշտել է, որ «Creative Armenia» մշակութային հիմնադրամի հետ մշակույթի նախարարության համագործակցության առաջնային ուղղություններից մեկը հենց ստեղծարար արդյունաբերության զարգացումն է, որպեսզի մշակույթը նաև տնտեսության զարգացման գործոն հանդիսանա: Նախարարը հավելել է, որ անկնալում է ինչպես Սերժ Թանկյանի, այնպես էլ «Creative Armenia» հիմնադրամի անդամ հանդիսացող սփյուռքահայ այլ հայտնի արվեստագետների աջակցությունը՝ հայ տաղանդներին հայտնաբերելու և նրանց համաշխարհային հարթակում ներկայացնելու գործում: «Համոզված եմ, որ այս նոր գաղափարներով, բաց մտքով, սրտով, ազնիվ ու անկեղծ մտադրություններով մենք շատ մեծ նվաճումների ենք հասնելու»,-ասել է նախարար Մակունցը՝ Սերժ Թանկյանին հրավիրելով հուլիսի 7-ին կայանալիք «Գորիս ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2018» միջոցառման բացմանը: Սերժ Թանկյանը խոստովանել է, որ Հայաստանում սիրելի վայրեր շատ ունի, բայց դեռ հայրենիքը բացահայտելու ճանապարհին է: