Ելույթ կունենա ամենահզոր վերդիական սոպրանոներից մեկը՝ Լիաննա Հարությունյանը

Սոպրանո Լիաննա Հարությունյանը հունիսի 28-ին , ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝  գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Լիաննա Հարությունյանը համարվում է իր սերնդի ամենահզոր վերդիական սոպրանոներից մեկը: Օժտված լինելով ապշեցուցիչ ձայնային կարողություններով՝ երգչուհին հանդես է գալիս հսկայածավալ օպերային երկացանկով՝ անթերի կատարելով Վերդի և Պուչինի, ինչպես նաև ֆրանսիական, ռուսական և կամերային երաժշտություն:

Ծնված և նախնական կրթությունը ստացած լինելով Հայաստանում՝ Լիաննան շարունակել է ուսումը Փարիզի Բաստիլ օպերայի Լիրիկական ստուդիայում: Երգչուհու աստղային վերելքի սկզիբն է դարձել 2013 թ.-ին Լոնդոնի արքայական օպերային թատրոնում կայացած տրիումֆալ դեբյուտը` Յոնաս Կաուֆմանի և Ֆերուչո Ֆուրլանետոյի հետ` սըր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ:

Լիաննա Հարությունյանը երգում է գլխավոր դերերգեր աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտան, Լոնդոնի Արքայական, Սան Ֆրանցիսկոյի, Սիդնեյի, Ցյուրիխի, Փարիզի Բաստիլ, Սանկտ Պետերբուրգի, Ֆրանկֆուրտի, Մադրիդի, Նեապոլի, Մուսկատի, Աթենքի, Ամստերդամի, Համբուրգի և այլն:

Նրա մասին անգլիական «The Guardian»-ը գրել է. «…Հարությունյանը երգում էր այնպիսի ուժգնությամբ և գեղեցկությամբ, որ թվում էր, թե իր, կամ քո սիրտը շուտով կպայթի…»:

Համերգային ծրագիրը ներկայացնում է արիաներ և նախերգանքներ. Ջուզեպպե Վերդի, Պիետրո Մասկանի, Ջակինո Ռոսինի, Ֆրանչեսկո Չիլեա, Ջակոմո Պուչինի: «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնի հիմնադիր նախագահը և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: