Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Աշխարհի չեմպիոն Գերմանիայի վերջին շանսը

Սպորտ
a1germania-1

Ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնությունում այսօր կայանալիք երեք խաղերում կարող են հայտնի դառնալ փլեյ-օֆֆի եւս երեք մասնակիցներ:   1/8 եզրափակիչ մտնելու խնդիրն առաջինը կարող է լուծել Բելգիայի հավաքականը, որը ժամը 16:00-ին Մոսկվայում հանդիպելու է  Թունիսի ազգային թիմի հետ: Հաղթելու դեպքում բելգիացի ֆուտբոլիստները կվաստակեն 6 միավոր եւ ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր կնվաճեն:   Օրվա երկրորդ խաղում միմյանց հետ կհանդիպեն Հարավային Կորեայի եւ Մեքսիկայի ազգային թիմերը: Այստեղ հաջորդ փուլ մտնելու ռեալ շանսեր ունեն մեքսիկացիները, որոնք առաջին տուրի խաղում հաղթել են Գերմանիայի հավաքականին եւ այժմ Շվեդիայի հետ կիսում է առաջին հորիզոնականը: Այս հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին:   Սակայն, ֆուտբոլային հանրության ուշադրությունն առաջին հերթին կենտրոնացած է այսօր գիշերը կայանալիք Գերմանիա – Շվեդիա խաղի վրա: Պատճառն այն է, որ Գերմանիայի ընտրանին իր պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության մեկնարկում հայտնվել է բարդ իրավիճակում եւ կարող է դուրս մնալ խմբային փուլից: Գերմանացի ֆուտբոլիստները, որոնք գործող չեմպիոններն են, առաջին տուրում պարտվել են Մեքսիկային, ուստի երկրորդ անհաջողության դեպքում նրանք ժամանակից շուտ կավարտեն ելույթները եւ վայր կդնեն չեմպիոնի լիազորությունը: Շվեդները, հակառակը, հաղթանակի դեպքում վերջնականապես կլուծեն խմբից փլեյ-օֆֆ մտնելու հարցը:   Գերմանիա – Շվեդիա հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին: Ֆուտբոլասերներն այդ հանդիպման ընթացքին ուղիղ եթերով կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: