Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը ներկայացնում է նոր քվեախցիկ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram-manukyan

ՀԱԿ-ը ի թիվս այլ առաջարկությունների, ԸՕ փոփոխություններով զբաղվող ԱԺ աշխատանքային խմբին է ներկայացնելու նաեւ նոր, ինքնատիպ մի քվեախցիկ: «Որեւէ մեկը չի կարող տեսնել՝ ինչպես ես քվեարկեցի՝ երաշխավորված է գաղտնիությունը: Նաեւ՝ քվեարկողը չի կարող այնպիսի գործողություն անել, որ թույլատրելի չէ, ասենք՝ վերցնի քվեաթերթիկը ու դուրս գա, կարուսել լինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ներկայացրեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:             Կրկնաքվեարկությունը բացառելու համար ՀԱԿ-ը եւս ունի մի պարզ միջոց, որը նախորդ՝ 5-րդ գումարման ԱԺ ժամանակ իրենց նախաձեռնած 4+4+4 ձեւաչափի քննարկումներին իշխող ՀՀԿ-ն մերժեց: «Այս սփրեյը Վրաստանից եմ բերել՝ անցած տարի իրենց ընտրությունների ժամանակ կիրառվել է: Այն փչում են մատիդ վրա ու դրանով արդեն որոշվում է՝ դու ընտրությանը մասնակցե՞լ ես, թե ոչ»,- պարզաբանեց Արամ Մանուկյանը:             ՀԱԿ-ը ԱԺ 4 խմբակցություններից ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբին է ներկայացրել 5 էջանոց փաստաթուղթ, որտեղ ներառված են այն հիմնական սկզբունքները, որոնք մշակել են տարիներ շարունակ: Առաջնային խնդիրը մնում է նույնը՝ ընտրությունները պետք է անցկացվեն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով. «Այսօրվա վիճակի համար ամենաադեկվատ մեխանիզմն է՝ միայն ու միայն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ՝ առանց պոչերի՝ առանց ազգանունների վրա քվեարկելու, որ քաղաքացին անձին չքվեարկի, այլ միայն քաղաքական ուժին, որի հետ կապում է մեր երկրի ճակատագիրը»:                Որպես արտախորհրդարանական ուժ՝ ՀԱԿ-ի համար աշխատանքային խմբի քննարկումներին մասնակցելը խիստ սկզբունքային չէ, քանի որ իրենց առաջարկություններն արդեն փոխանցել են: ՀԱԿ-ի համար սկզբունքային հարց է արտահերթ ընտրությունների հրատապ անցկացումը. արդյունքում շահելու է պետությունը: «Ոչ մի կերպ չպետք է ընտրությունները հեռացնել դեպի ապրիլ. վերցրեք ընդամենը ՀՀԿ մոտեցումը եւ կհասկանաք, որ պետք է հակառակը անել. ուրիշ ինդիկատոր չկա: Հեղափոխությունը կարող է համարվել իրականացված եւ ավարտված միայն արտահերթ ընտրություններից հետո: Քանի որ դրանից կախված է նաեւ երկրի զարգացման հաջորդ փուլը, դրա համար այդ ընտրությունները որքան շուտ լինեն, այնքան լավ»,- նկատեց ՀԱԿ փոխնախագահը:              ՀԱԿ-ն անպայման մասնակցելու է արտահերթ ընտրություններին: «Չգնալ չենք կարող, ինչպես կարող ենք չմասնակցել մի քաղաքական կոմպանիայի, որը մեր ուզածն է, քաղաքական նպատակն է: Մենք հիմա լայն հնարավորություն ունենք՝ ցույց տալու, թե ժողովուրդն ինչքանով է մեզ աջակցում, մեր տեսակետը որքանով է ընդունելի ժողովրդի կողմից: Այդ առումով ձայնս բավականին բամբ է հնչում, քանի որ մենք ունենք հրաշալի քաղաքական թիմ, ունենք մտավորականների լուրջ ցանց»,- նշեց Արամ Մանուկյանը:               Առանձի՞ն, թե դաշինքով ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին, դեռ պարզ չէ: Մինչ այդ, քաղաքական ուժը հույս ունի, որ ԸՕ փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբը կներառի դեռ 4+4+4 ձեւաչափով ներկայացրած իրենց մյուս առաջարկությունները եւս՝  երկու ընտրացուցակների կիրառումը՝ փաստացի երկրում գտնվողների եւ բացակայողների, ընտրական հանձնաժողովների՝ պետության կողմից ստեղծումը, ինչպես նաեւ՝ ընտրակաշառքը ծանր հանցագործությունների շարքին դասելն ու պատժաչափը մինչեւ 6-7 տարի սահմանելը: