Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրգործ. Պարզվել են Վանաձոր քաղաքի բնակչին առևանգելու, ավազակային հարձակում գործելու հանգամանքները

Պաշտոնական
qnnchakan-komite-1

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի բնակչին առևանգելու, ավազակությամբ գույքը հափշտակելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Վանաձորի բնակչի առևանգումը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 5-ին. մի խումբ անձինք առևանգել են տղամարդուն, ապա նաև՝ բռնության գործադրմամբ հափշտակել նրա գույքը։ Քննությամբ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողություններն ու առնչությունը տուժողի հետ։ Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Լոռու մարզի 5 բնակիչները, տեղեկանալով, որ իրենց ծանոթը՝ Վանաձոր քաղաքի բնակիչը, բանկից ստացել է 300 հազար դրամ վարկ և կանխիկացրել, նախնական համաձայնություն են ձեռք բերել այն հափշտակելու հարցի շուրջ: Պլանավորվածի համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Վանաձորի բնակչին առևանգել են, նրա կամքին հակառակ տեղափոխել տարբեր վայրեր և պահանջել հանձնել գումարը: Ստանալով մերժում՝ բռնություն է գործադրվել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, այնուհետև տղամարդու թաքցրած տեղից գտել են գումարը և հափշտակել այն: Բացի այդ, իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը, տեղեկանալով, որ կատարվածի մասին հայտնի է դարձել իրավապահներին, հանդիպել է Վանաձորի բնակչին և սպառնացել նրա, նրա ընկերուհու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել՝ պահանջելով դեպքի հանգամանքների վերաբերյալ սուտ տեղեկություններ տրամադրել վարույթն իրականացնող մարմնին: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նրանցից երեքին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ չորրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: 5-րդ մասնակիցը որպես մեղադրյալ է ներգրավվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 2018 թվականի ապրիլի 8-ին ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի մետրոպոլիտենի ոստիկանության թիվ 5-րդ բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել է : Քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե