Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որեւէ լումա մենք չենք  յուրացրել». «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր

Քաղաքականություն
zaqa8yan-aleqsadn

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը հասկանում է`  որն է իր հիմնադրած ընկերությունում ստուգումների շարժառիթը: «Շարժառիթը կոռուպցիայի դեմ պայքարն  Է ու թիրախավորված մարդկանց ջրի երես հանելն է, որոնցից մեկն էլ երևի Սաշիկն է / Ալեքսանդր Սարգսյան/ , որին մեզ հետ կապեցին անհասկանալի պատճառներով: Ընկերության  սեփականատերը ես ու   եղբայրս ենք՝ Գուրգեն Զաքարյանը: Մենք   բազմիցս բարձրաձայնեցինք, որ նրա հետ կապ չունենք, նրան միայն հեռուստացույցով ենք տեսել, ուզեցին, որ մենք լինենք Սաշիկինը ու մեզ «կպցրեցին» Սաշիկին,  ու հիմա դրանով պայմանավորված՝ մենք թիրախ ենք դարձել:  Ի սկզբանե հայտարարվում էր, որ գումարները գնում է Սաշիկին, հիմա այսօր հանրությունն ուզում է դա տեսնել, բայց քանի որ նման բան չկա, բնականաբար սա դառնում Է թյուրիմացության արդյունք»,- նշում է ընկերության հիմնադիրը, որը զարմացած է այսօր ոստիկանության  տարածած հաղորդագրությունից, ըստ որի` «Սեքյուրիթի դրիմ»  եւ  «Էլլիպս  Ջի Էյ» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ: Պարոն Զաքարյանը նկատում է, որ սա հենց այն գումարն է, որը 15 ամիսների համար «Սեքյուրիթի դրիմ»-ը վճարել է  «Էլլիպս  Ջի Էյ»֊ին տեխնիկական սպասարկման համար: Ոստիկանությունը հայտարարել է,  որ  2017թ. փետրվարից 2018թ. հունիս գումար է փոխանցվել չմատուցված ծառայության համար: Ալեքսան Զաքարյանի համար առնվազն տարօրինակ է նման ձեւակերպումը, երբ իրենց աշխատանքը տեսանելի էր  հանրության  զգալի հատվածի համար,  եւ ամբողջ այդ ծախսը , ներառյալ աշխատավարձերը, փաստաթղթավորված է: Ինչ վերաբերում է ծառայությունների որակին` նա հիշեցնում է, որ «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունը ստեղծվել է 1989թ-ին` որպես նեղ մասնագիտական կազմակերպություն եւ մեծ ներդրում ունի  անվտանգության տեխնիկական միջոցների նախագծման, արտադրության, ներմուծման, տեղադրման եւ  սպասարկման ոլորտում: «Հույս ունենք, որ անաչառ քննությունը ամեն ինչ կպարզի, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի»,- նշեց նա: Իսկ մինչ այդ, Ալեքսան Զաքարյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում  է. «Որեւէ լումա  մենք չենք  յուրացրել»: