Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարձրագույն դատական խորհուրդը դիմել է փաստաբաններին և լրատվամիջոցներին

Հասարակություն
bdx

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել վերջին շրջանում առանձին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու խնդրագրերով փաստաբանների ու քաղաքացիների  կողմից իրենց ներկայացված դիմումների վերաբերյալ: 
ԲԴԽ հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Վերջին շրջանում առանձին քաղաքացիներ, ինչպես նաև փաստաբաններ, դիմում են Բարձրագույն դատական խորհրդին՝ առանձին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու խնդրագրերով: Նման դիմումները վկայում են, որ օրենսդրության պահանջներին ոչ բոլորն են քաջատեղյակ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը, հանդիսանալով Բարձրագույն դատական խորհրդի կարևոր լիազորություններից մեկը, իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխում ամրագրված են դատավորի կարգապահական պատասխանատվության իրավակարգավորումները: Սահմանելով դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերը, վարույթ հարուցելու ժամկետները, առիթները, վարույթի ընթացակարգը` Օրենսգրքի 145-րդ հոդվածով միաժամանակ նախատեսված է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունի բացառապես երկու մարմին՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորված կարգապահական հարցերի հանձնաժողովը, որը Բարձրագույն դատական խորհրդին ենթակա մարմին չէ, և պետական լիազոր մարմինը, որը եղել և շարունակում է հանդիսանալ Արդարադատության նախարարը:  Օրենսգրքի 148-րդ հոդվածով սահմանված է իրավասու սուբյեկտների կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու կարգը: Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Ակնհայտ է, որ դատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին: Ելնելով գործող օրենսդրության պահանջներից՝ անհրաժեշտ է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցերով նախապես դիմել վերոնշյալ երկու մարմիններից մեկին»: