Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է այնպես անենք, որ Մանվել Գրիգորյաններ այլևս չձևավորվեն». Թևան Պողոսյան

Քաղաքականություն
tevan

Ըստ Թեւան Պողոսյանի բոլոր համակարգերում փոփոխություններ պետք է կատարվեն և աշխատաոճը պետք է փոխվի, այդ թվում՝ անվտանգության ապահովման հարցում։ «Մենք հիմա էլ ունենք անվտանգության խնդիր։ Ուրեմն պետք է այնպես կազմակերպենք, որ յուրաքանչյուր մարդ զգա, որ ինքը կամավոր է, զորավարժությունների ձևը պետք է փոխել ուրեմն, ոչ թե միայն ԵԿՄ անդամները կամավոր լինեն։ Բոլորը մտածում են. դե, երբ կռիվ կլինի, երկիրապահի տղերքը կգնան, մենք ստեղ կնստենք։ Իսկ միգուցե ամեն մեկս պիտի ասենք, որ ես էլ եմ երկրապահ ու մի խումբ մարդիկի իրենց այլ կարգավիճակում չեն զգա, ընտրյալ չեն զգա ու չեն մտածի, որ ինչ ուզեն կանեն։ Գայթակղությունը շատ մեծ է»,- նշեց «Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նրա կարծիքով, պետք է այնպիսի համակարգ ձևավորվի, որ Մանվել Գրիգորյանի նման անձիք այլևս չձևավորվեն։ «Խնդիրը անձի մեջ չէ, այլ երևույթների»,- հավելեց նա։ Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Թևան Պողոսյանը  նշեց,  որ հիմա բոլոր կուսակցությունները կամ դաշինքները պետք է ունենան հավասար իրավունքներ՝ քարոզչություն անելու ընթացքում։ «Կցանկանայի, որ նրանք բոլորը գիտակցեն, որ ընտրական ծրագիրն այսուհետ ամենակարևոր փաստաթուղթն է, որով իրենք պայքարելու են։ Թող ամեն ինչ արդար ապահովված մտնեն պայքարի մեջ»,- ասաց նա։ Թեւան Պողոսյանը կարևորում է պետական ապարատների ճշգրիտ աշխատելը։ Նրա կարծիքով յուրաքանչյուր ոլորտ պետք է չհիմնվի անհատների վրա և անկախ աշխատի։ «Մենք խոսում ենք, որ տեղի է ունեցել հեղափոխություն։ Հիմա բոլորս ենք պատասխանատու։ Ամեն ինչ չենք թողնելու մեկ անձի վրա, ասենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա կամ Կառավարության 18 անդամների»,- ասաց նա։