Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«1996 թ.-ից ԵԿՄ կոչված հրոսակախմբին թույլ էր տրվում անել ամեն ինչ» (տեսանյութ)

Քաղաքականություն
media

Երկրապահ կամավորների միությունը պետք է լուծարվի, կարծում է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ «Պետք է Շվեյցարիայի մեթոդով լինեն կամավորական ջոկատները և լինեն պետության վերահսկողության տակ»,- ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Իշխանյանի՝  մերօրյա ԵԿՄ-ում կոռուպցիոն բացահայտումների հիմքերը գալիս են դեռևս 90-ականներից։ «Ցավոք սրտի 90-ականներից ոչ թե փորձ արվեց ստեղծելու պետություն ու ուժեղացնելու այն, այլ միայն իշխանություն ստեղծվեց և այն ամրապնդվեց։ Սրանք տարբեր բաներ են։  Իշխանությունը չձևավորվեց ժողովրդի քվեով և իշխանության հենարանը դարձավ ուժային կառույցները։ Տարբեր տիպի անձինք իրենց հրոսակախմբերով արտոնված էին ու իրենց պատիժ չէր հասնում»,-նշում է նա ։ Ավետիք Իշխանյանն  այդ առիթով հիշատակում է 90-ականներից մի դեպք, երբ ինքն էլ անձամբ  ՀՀՇ անդամ էր։ «Երբ ՀՀՇ իշխանություն էր, մի դեպք եղավ, անուններ չեմ տա, Ղարաբաղ կոմիտեի անդամներից մեկի եղբայրը, Մասիսում ընկերների հետ քեֆ անելու ժամանակ կրակել էր, մարդ էր վիրավորվել։ Ոստիկանությունը ձերբակալել էր նրան։ Ժողովի ընթացքում դա էին քննարկում, շատ վախվորած մի քանիսը ասացին, որ անօրինականություն է եղել։ Հետո տեսա, թե ինչ կատարվեց ժողովում. «Մեր տղերքն են, մի բան է արել են խմած, սա ոստիկանության կողմից սաբոտաժ է մեր նկատմամբ»։ Նրանք ազատվեցին, հանցագործություն անողը դարձավ քաղաքապետ»,- նշեց Իշխանյանը։  Նա պնդում է, որ 1995 թվականին, երբ ստեղծվում էր ԵԿՄ-ն, շատ է ասվել, որ պետության մեջ զինված խումբը օրինականացնելը չի կարելի. «Բայց ո՞վ կարող էր Վազգեն Սարգսյանի դեմ խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի հովանավորչությամբ»։ Ավետիք Իշխանյանը Երկրապահ կամավորականների մասին իր խոսքով մի շարք  «սխրագործություններ» ներկայացրեց սկսած նրանց ստեղծման օրվանից՝ 1995 թվականից։ «Երբ պայթեցրեցին կրոնական յոթ կազմակերպությունների, ծեծեցին, ջարդեցին, եղան սպանություններ։ Դա արեցին ազգային-կրոնական  հողի վրա՝ ով առաքելական չի, հայ չի սկզբունքով։ Այն ժամանակվա ընդդիմադիր քաղաքական ուժերը չքննադատեցին։  Հաջորդը ընտրությունների ժամանակ էր. օպերայում եղավ կրակոցներ, ծեծուջարդ։ Ոչ ոք պատասխան չտվեց։ 1996 թվականի ամբողջ ընտրությունների կազմակերպումը կատարում էին այդ ԵԿՄ կոչված հրոսակախումբը, նրանց թույլ էր տրվում անել ամեն ինչ։ Նրանց տրվեց բիզնես, սեփականություն և այլն։ Այդպես շարունակվեց մինչ օրս։ Նույն այդ երկրապահների միջոցով և Վազգեն Սարգսյանի կողմից 1998 թվականին տեղի ունեցավ պետական հեղաշրջում. Լևոն Տեր-Պետրոսյանին գցեցին։ Գորիսում, երբ Մանվել Գրիգորյանը ապրում էր հայտնի գեներալի տանը, փողոցից աղջիկներ էին փախցնում։ Հետո հայրը գնացել էր հետ բերելու, ծեծել գցել են նկուղը, հայրը մահացել է։ Չգիտե՞ին»։ Միևնույն ժամանակ Ավետիք Իշխանյանը նշում է, որ հիմա բոլորը քննադատում են միայն նրան ու քննադատողների շարքերում են բոլոր նրանք ովքեր հաճոյանում էին Մանվել Գրիգորյանին։ «Հիմա նրանք առյուծ են կտրել  կամ ավելի ճիշտ է ասել, վագր են կտրել»,- ասաց Իշխանյանը։