ԱԱ-2018. Արգենտինան առաջին խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը աշխարհի առաջնության մեկնարկային խաղում չկարողացավ հաղթել մրցաշարի նորեկ Իսլանդիայի ընտրանուն: Մոսկվայում կայացած հանդիպումը անցավ արգենտինացիների բացահայտ առավելությամբ, սակայն նրանք միայն մեկ անգամ կարողացան ճեղքել իսլանդացիների հագեցած պաշտպանությունը: Առաջին խաղակեսի 19-րդ րոպեին Սերխիո Ագուերոն ազատվեց մրցակցի պաշտպանի հսկողությունից եւ դիպուկ հարվածով գրավեց դարպասի ձախ անկյունը: Իսլանդիայի հավաքականը, սակայն, շատ արագ խփեց պատասխան գոլը եւ հաստատեց, որ պատրաստ է լուրջ դիմադրություն ցույց տալ խաղի ֆավորիտին: 23-րդ րոպեին երկարատեւ գրոհից հետո Ալֆրեդ Ֆինբոգասոնը մոտ տարածությունից հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում արգենտինացիներն ամբողջ թիմով նետվեցին առաջ, իսկ Իսլանդիայի ընտրանին սկսեց մեծ ուժերով պաշտպանվել: Յուրահատուկ այդ հակամարտությունն ոչինչ չտվեց հարձակվող թիմին, քանի որ նրանց բոլոր գրոհները չեզոքացրին իսլանդացիների պաշտպաններն ու դարպասապահը, իսկ արգենտինացիների ավագ Լիոնել Մեսին 64-րդ րոպեին ձեռքից բաց թողեց գոլ խփելու ամենառեալ պահը.նա չկարողացավ իրացնել 11մ հարվածը: Այդպիսով, Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությունում գրանցվեց առաջին մեծ անակնկալը. աշխարհի կրկնակի չեմպիոնը չկարողացավ կոտրել առաջնության նորեկի դիմադրությունը՝ 1:1: