Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱ-2018. Երրորդ օր. Արգենտինան կմրցի նորեկի հետ

Սպորտ
a1world-cup-16.06.

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային երրորդ օրը բավականին հագեցած կլինի: Խաղերը տեղի կունենան միանգամից երկու խմբում:   Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին կմեկնարկի Ֆրանսիա – Ավստրալիա խաղը: Հանդիպումը նախեւառաջ սկզբունքային նշանակություն ունի ավստրալացիների համար, քանի որ նրանք հինգ տարի առաջ 0:6 հաշվով պարտվել են իրենց այսօրվա մրցակցին: Մասնագետները կարծում են, որ Ֆրանսիայի հավաքականն այս անգամ էլ հեշտությամբ կհաղթի Ավստրալիայի ընտրանուն:   Նույն C խմբում հանդես եկող մյուս երկու թիմերի՝ Դանիայի եւ Պերուի հավաքականների մրցավեճը կկայանա Սարանսկում, ժամը 20:00-ին: Դանիացիները չնայած համարվում են հանդիպման ֆավորիտներ, սակայն հարավամերիկյան ընտրանին բավական բարդ մրցակից է նրանց համար, քանի որ 2017 թվականի մարտից հետո այն պարտություն չի կրել պաշտոնական խաղերում:   D խմբի առաջին խաղում միմյանց հետ կհանդիպեն Արգենտինայի եւ Իսլանդիայի հավաքականները: Խաղը կկայանա Մոսկվայում եւ կսկսի ժամը 17:00-ին: Արգենտինացիները աշխարհի նախորդ առաջնության փոխչեմպիոններն են, իսկ իսլանդացիներն առաջին անգամ են մասնակցելու երկկրագնդի գլխավոր ֆուտբոլային տոնահանդեսին: Սակայն Իսլանդիայի ընտրանին բավական վստահ է հանդես գալիս վերջին տարիներին: Բավական է հւշել, որ Եվրոպայի 2016թ առաջնությունում հրաբուխների կղզու ֆուտբոլիստները հասել են մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել են տանտերերի՝ Ֆրանսիայի հավաքականին:   Այս խմբի երկրորդ՝ Խորվաթիա – Նիգերիա մրցախաղը, կկայանա Կալինինգրադում, ժամը 23:00-ին: Կողմերն առաջին անգամ են պարզելու հարաբերությունները խաղադաշտում: Խորվաթները բավական հաջող են խաղում աֆրիկյան հավաքականների հետ: Մասնավորապես, անցած աշխարհի առաջնությունում նրանք 4:0 հաշվով ջախջախել են Կամերունի ազգային թիմին: Նիգերիացիներն իրենց հերթին նախորդ մունդիալում պարտության էին մատնել Խորվաթիայի հարեւան Բոսնիայի եւ Հերցեգովինայի ընտրանուն՝ 1:0: