Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ն ողջունելու է Փաշինյանի քայլերը, եթե դրանք միտված լինեն Արցախի անվտանգությանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը հայտարարեց, որ  Ադրբեջանի եւ Թուրքիայի պահվածքը մտահոգիչ է: «Քանի դեռ չկա խաղաղության վերջնական պայմանագիր կողմերի միջեւ, եւ Ադրբեջանը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, նման ոչ ցանկալի սցենարներ, առնվազն տեսականորեն, հնարավոր են։ Այն, որ Ադրբեջանի Մեջլիսի առաջին փոխնախագահը չի բացառում ուժի միջոցով խնդրի լուծումը, արդեն ահազանգ է։ Ահազանգ է ոչ միայն մեզ համար, նախեւառաջ նաեւ միջազգային հանրությանը, եւ առնվազն տարակուսելի է, որ միջազգային հանրությունից որեւէ հստակ, հասցեական գնահատական մենք չենք լսել»,- ասաց Շարմազանովը, հավելելով, որ։ ինչպիսի կարգավիճակում էլ լինի ՀՀԿ-ն, ողջունելու է Փաշինյանի քայլերը, եթե դրանք միտված լինեն Արցախի ժողովրդի անվտանգությանը։ «ՀՀԿ-ի համար Արցախի խնդիրը հարցերի հարցն է, մեր կուսակցության առաջնորդները եղել են այդ պայքարի կիզակետում, եւ ոչ թե խոսքով, այլ գործերով։ Ինչպիսի կարգավիճակում էլ լինենք՝ ընդդիմություն, թե իշխանություն, սատարելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացմանը եւ ազատ անկախ Արցախի կառուցմանը։ Այսօր կա՞ մտահոգելու բան։ Իհարկե՝ կա։ Ադրբեջանի եւ Թուրքիայի քայլերը մտահոգիչ են: Թուրքիայի արտգործնախարարն առաջին անգամ հայտարարել է, որ նաեւ Ադրբեջանի արտգործնախարարն է։ Թուրքիան փորձելու է ներգրավվել եւ այս ներգրավվումը ունենալու է բացասական նշանակություն։ Այսօր, առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է կայուն ու միասնական Արցախ, բոլորը պետք է համախմբվեն Արցախի նախագահի, օրվա իշխանությունների շուրջ։ Փաշինյանը իմ երազանքների վարչապետը չէ, բայց եթե նա անի քայլեր, որոնք միտված կլինեն Արցախի ժողովրդի անվտանգությանը, խնդրի հայանպաստ լուծմանը, բնականաբար, ողջունելու եմ: Համազգային հարցերում չկա իշխանություն ու ընդդիմություն»,- ասել է Շարմազանովը։