Գյուղացուն թույլատրել բակային տարածքներում ազատ առևտուր իրականացնել (տեսանյութ)

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն առաջարկում է գյուղացուն թույլատրել բակային տարածքներում ազատ առևտուր իրականացնել:

Նա կոչ է անում  Երևանի քաղաքապետին, որպեսզի ընթացք տա այս առաջարկին:

«Գյուղացուն արգելողը ոստիկանն է ու թաղային հեղինակությունը, որը գումար է վերցնում նրանից: Այ, եթե մենք օգնենք գյուղացուն, որ բակային առևտուրը զարգացնի, այդ դեպքում մթերքը մատչելի կդառնա, իսկ գյուղացին առանց վերավաճառողի իր գումարը կունենա»:

Հրաչ Բերբերյանը նշում է, որ  Կասյանի շուկայում քիչ թվով գյուղացիներ կան, հիմնական առեւտուր իրականացնողները գյուղացի վերավաճառողներն են: Բացի դրանից, ըստ նրա, առևտուրն իրականացվում է ակտիվ երթևեկության հարևանությամբ:

Հրաչ Բերբերյանը դժգոհ է գյուղատնտեսության նախարարության աշխատանքից:

«Պետք է գնալ բարեփոխումների, որը չի արվում: Կարելի է ասել՝ մեկ տարի էլ հետ գցեցինք գյուղատնտեսությունը, այսօրվա նախարարությունը չի կարող իրականացնել բարեփոխումներ: Նախարարությունում խորը մասնագիտական գիտելիքներով մարդիկ են պետք, նույնիսկ նախարարը չունի այդ գիտելիքները»:

Իսկ ինչ վերաբերում է  ծիրանի արտահանմանը՝ Հրաչ Բերբերյանն ասաց:

«Այս տարի արտահանվել է 11 հազար տոննա ծիրան: Նախորդ տարի արտահանումը սկսել է հունիսի 10-ից, իսկ այս տարի՝ մայիսի 25-ից, և կարծում եմ, որ մենք ի վերջո կունենանք նախորդ տարվանից մոտավորապես 40 տոկոսով ցածր արտահանման ցուցանիշ, ինչի պատճառը սխալ արտահանման կազմակերպումն է: Եթե նախորդ տարի արտահանման ցուցանիշները նկարված չեն եղել, ապա այսօրվա դրությամբ անցած տարվա 30 հազար տոննայի արտահանման ցուցանիշին չենք հասնի, եթե իհարկե այս տարի էլ չնկարեն, ինչը կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա»,-եզրափակեց Բերբերյանը: