Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ գումարները Դուք տվել եք ամենամեծ կոռուպցիոներների ձեռքը». Ն. Զոհրաբյանը՝ Սվիտալսկուն

Քաղաքականություն
Xorhrdajoxov

Ալեկոծությունները մեր կյանքի մի մասն են և պետք է սովոր լինել դրանց: Այսօր «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» խորագրով խորհրդաժողովին նման կարծիք հայտնեց Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Ալեկոծությունը երբեմն անկայունացնում է գործընթացները, բայց երբեմն կարող է դրական փոփոխություններ բերել: Մենք ցանկանում ենք օգնել մեր գործընկերներին ճկունություն ձեռք բերել: Մեզ պետք են ճկուն կառուցվածքներ, որոնք պատրաստ կլինեն անկանխատեսելի գործընթացներին: Կան դավադրության տեսություններ, թե ինչ նպատակ է հետապնդել Արևելյան գործընկերության ծրագիրը, բայց երբ նայում ենք Եվրամիության նպատակներին, այդ տեսությունները փշրվում են»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանի հավակնությունները մեծ են ԵՄ-ից և պետք է հաշվի նստել այդ հավակնությունների հետ: Միաժամանակ վերջինս անդրադարձավ Հայաստանին սպառնացող մարտահրավերներին: Որտեղ ձեռք ենք տալիս, կոռուպցիոն սկանդալներ են դուրս գալիս,-դիմելով Պյոտր Սվիտալսկուն նշեց Նաիրա Զոհրաբյանը: «Սա նշանակում է, որ Դուք հարգարժան դեսպան, երբ Եվրամիության հսկայական գումարներն ուղղել եք իբր կոռուպցիայի դեմ պայքարի համար, այդ գումարները Դուք տվել եք ամենամեծ կոռուպցիոներների ձեռքը և ասել եք՝ մենք ակնկալում ենք, որ դուք կպայքարեք ձեր դեմ: Չի կարող այդպիսի բան լինել: Մենք պետք է արձանագրենք, որ որոշակի սխալներ եղել են նաև Ձեր կողմից, երբ մենք ահազանգում էինք, ասում էինք մի տվեք այս նախարարություններին այդ գումարներն իբր տարբեր ծրագրեր իրականացնելու համար, շատ դեպքերում դրանք անարձագանք էին մնում»: Պատգամավորը հույս հայտնեց, որ առաջիկայում կսկսվեն շատ խորը բանակցություններ ԵՄ հետ՝ վիզաների ազատականացման հետ կապված, ասելով, որ այն նվաստացուցիչ ընթացակարգերը, որով անցնում են մեր քաղաքացիները՝ ԵՄ այս կամ այն երկիր մուտք գործելու համար, չի բխում մեր այսօրվա գրագետ հարաբերություններից: Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշեց, որ Եվրամիության համար երկկողմանի օրակարգը կմնա առաջնահերթությունների շարքում: