Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրեբունու անկարգությունների գործով հետախուզվում է Մասիս քաղաքի մարզադպրոցի տնօրենը

Պաշտոնական
qnnchakan-komite-1

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են կատարվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին մասնակից բոլոր անձանց ինքնությունը։  Արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ՝ անկարգություններին Մասիսի մարզադպրոցի տնօրենի մասնակցության վերաբերյալ, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում։ 5 անձ ճանաչվել է տուժող: Մշակվել է քննչական պլան, ստեղծվել քննչական խումբ և ըստ դրվագների՝ կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, միջոցներ ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Նախաքննության ընթացքում ներբեռնվել և քրեական գործին են կցվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքին առնչվող մամուլի հրապարակումները, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին, հարցաքննվել բազմաթիվ անձինք։ Արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ անկարգություններին մասնակցություն է ունեցել նաև Մասիս քաղաքի մարզադպրոցի տնօրեն Ա.Հակոբյանը՝ ծնված 1976թ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ հունիսի 13-ին որոշում է կայացվել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրը միջնորդություն ներկայացվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Ա.Հակոբյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ Ա.Հակոբյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Այսպիսով՝ հունիսի 14-ի դրությամբ, սույն քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ, որոնցից մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե