Ֆինանսների նախարարը չի կարող ասել, թե երբ կբարձրանան թոշակներն ու աշխատավարձերը (տեսանյութ)

ՀՀ 2017թ. պետ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը  Ֆինանասների նախարար Ատոմ Ջանջուզազյանից հետաքրքվեց, թե քանի տարի է անհրաժեշտ առաջանցիկ աճ ունենալու համար, որպեսզի հայտ ներկայացվի թոշակ եւ աշխատավարձ բարձրացնելու  համար. «Նախատեսվել էր  3,2 տոկոս տնտեսական աճ, ունենք 7,5 տոկոս, այսինքն՝ 4.3 տոկոսով գերակատարվել է, որը բյուջեով նախատեսված չէր: Հիմա քանի տարի է մեզ պետք, որ մենք ունենանք առաջանցիկ աճ: Քանի տարի է անհրաժեշտ, որպեսզի անդրադառնանք այդ հարցին»:

Ի պատասխան, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2016 թվականին զրոյական տնտեսական աճ է եղել, 0,2 տոկոս է եղել, իսկ 2017-ին 7,5 տոկոս. «Հիմա ենթադրենք՝ 15-20 մլրդ դրամ ավելի է եղել, քան պետք է լիներ, այդ 20 մլրդ դրամի վրա մենք կարող ենք կառուցել երկարաժամկետ սոցիալական պարտավորություն: Մենք չենք կարող 3 տարի հետո հետ վերադառնալ սոցիալական ծախսերի նույն մակարդակին, ինչ որ հիմա կարող ենք ստանձնել: Դրա համար այդ  «ե՞րբ» հարցի պատասխանն  իրար հետ պետք է տանք, երբ կքննարկենք առաջիկա ծրագրերը եւ  համոզվենք, որ եկամուտները կայուն աճ են գրանցում եւ կիմանանք պատճառը, թե ինչու՞ է հենց մեր գնահատման պետական աճը կայուն, այդ ժամանակ միասին կգնահատենք եւ կունենանք ավելի լավ սոցիալական պարտավորություն, քան այսօր ունենք»