Կառավարության համար դժվար խնդիր է  «Ա1+»-ը.  Մեսրոպ Մովսեսյան (տեսանյութ)

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մամուլի ձեռքբերումներից է:  Այնուամենայնիվ, «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիրը բացասական է համարում, որ  բազմակողմանի հրապարակման փոխարեն առաջին պլան է մղվում ուղիղ հեռարձակումը։

«Ստացվում է, որ մենք ոչ թե լրագրողական աշխատանք ենք կատարում, այլ ընդամենը տեխնիկապես հագեցված լրատվամիջոցներն են կարողանում լուսաբանել  եւ իրենց աշխատանքն է գնահատվում»:

Արմինե Օհանյանի գնահատմամբ՝ ոչ միայն ընթերցողների մի մեծ թիվ, այլեւ հենց կառավարության անդամները դեռ   պատրաստ չեն ընկալելու իրենց հասցեին արված քննադատությունները:

«Իրենք շատ երիտասարդ են, անփորձ են, սովոր չեն քննադատություններին»:

Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը նշում է. «Արդյոք նոր կառավարությունը վերաբերելու է մամուլին, լրատվամիջոցներին՝ «սա իմն է, սա իմը չէ» սկզբունքով, և եթե այդ մոտեցումը շարունակվի, մենք կտեսնենք նույն պատկերը: Այսինքն՝ կլինի իմ մամուլ, որն օգնում է, սատարում է, չի քննադատում, և կա այլ մամուլ, որը քննադատում և չի օգնում, այլ խանգարում է»:

Ենթադրվում է, որ թավշյա հեղափոխությունը կազատականացնի Հայաստանում լրատվական  դաշտը եւ կնվազեն ճնշումները։  «Ա1+» ՀԸ  նախագահ Մեսրոպ Մովսեսյանը նկատում է՝  խոսքի ազատությունը Հայաստանում բացահայտ երբեք չի ճնշվել:

 «Ի՞նչ է կատարվում. զրկում են ֆինանսական աղբյուրներից, ինֆորմացիա ստանալու հնարավորությունից և գցում աղբաման, բայց ոչ թե իրենց ձեռքով, այլ ժողովրդի ձեռքով, սա երբեք կապ չունի խոսքի ազատության հետ»:

Այսօր ԱԺ-ում, երբ  քննարկվում էր  Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեությունը, անդրադարձ  եղավ  «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկմանը։ Նույն հանձնաժողովի ձեռքով 2002թ-ի ապրիլի 2-ին «Ա1+»-ը զրկվեց եթերից։

«Ես կուզենայի սկզբնական բարոյական փոխհատուցում ստանալ պետությունից, որը ժամանակին մեծ սխալներ էր թույլ տվել մամուլի դաշտում, որից հետո կանդրադառնանք ֆինանսական հարցերին: Կառավարության համար դժվար խնդիր է  «Ա1+»-ի խնդիրը, չկան մրցույթներ, չկան ֆինանսներ եւ ես չեմ պատկերացնում ինչպես է լինելու փոխհատուցումը»,-ասաց Մեսրոպ Մովսեսյանը:

Հիշեցնենք, որ  «Ֆրիդոմ Հաուս»-ի կողմից  Հայաստանում մամուլը գնահատվում է  ոչ ազատ ՝ «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումից  ի վեր։