Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշխարհն ականատես եղավ, որ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է». Արա Բաբլոյանը՝ ԱՄՆ դեսպանին

Պաշտոնական
ara-babloyan

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հարաբերությունների խթանման հարցում կարեւորել է  խորհրդարանականների փոխադարձ  այցերն ու կապերի ամրապնդումը: Օրենսդիր մարմնի ղեկավարը,  անդրադառնալով մեր երկրի ներքաղաքական զարգացումներին, ասել է. «Աշխարհն ականատես եղավ, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է եւ  հավատարիմ է  որդեգրած սկզբունքներին ու գաղափարներին. դրա վառ ապացույցը  խնդիրների կարգավորումն էր խաղաղ եւ սահմանադրական ճանապարհով»: Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին` Արա Բաբլոյանը նշել է. «Պետք է համատեղ ուժերով մշակել եւ ներդնել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի անցկացվելիք ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին եւ ընդունելի լինեն  հանրության կողմից»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի դերակատարությունը` Հայաստանի համար փոփոխությունների ժամանակահատվածում խորհրդարանական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու գործում: Դեսպանը կարեւորել է Հայաստանում ներքաղաքական  գործընթացների կարգավորման հանգուցալուծումը  իրավունքի գերակայության ուժով` փոխըմբռնման  մթնոլորտում: «Հայաստանի նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը շարունակում է կարեւոր դեր ունենալ եւ Հայաստանի պատմության այս կարեւոր շրջանում ես պատրաստ եմ աշխատել Ձեր ու մյուս ղեկավարների հետ»,- ասել է Ռիչարդ Միլսը: Զրուցակիցներն անդրադարձել են Ընտրական օրենսգրքի  բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին,  համագործակցության հեռանկարներին: