Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադաբրյամսի» մթնոլորտում առաջընթաց չի լինում. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

Տնտեսություն
armen-1

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը  չվերացրեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, պարզապես  փոխեց տոկոսային տեղաբաշխումը՝ պետության վրա թողնելով ոչ թե 50, այլ 75 տոկոս բեռը։ Նախարարներ ունեցող ՀՅԴ-ն դեմ է  պարտադիր բաղադրիչին՝ առնվազն երեք պատճառով: Նախ՝ Դաշնակցությունը կողմ է սերունդների համերաշխության սկզբունքին, հետո՝ անձի սեփականության իրավունքին հակասում է պարտադիր բաղադրիչը և երրորդ պատճառն այն է, որ ժողովրդի սոցիալական վիճակը այնքան բավարար չէ, որ հավելյալ եկամուտներ անձը տրամադրի իր ապագայի համար,- ասում է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Անդրադառնալով երեկ՝ կառավարության նիստում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավեճին, Արմեն Ռուստամյանը նշեց՝ պետք է հարգանքով մոտենալ այլ  տեսակետի։ «Կառավարությունը կոլեգիալ մարմին է և միանձնյա որոշումներով չպետք է առաջ գնա: Եթե կան տարաձայնություններ, ոչ ոք չի կարող մյուսին ստիպել, որ նա քվեարկի մեծամասնության նման: Ես կտրականապես մերժում եմ «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը: Սա մի քիչ հիշեցնում է ստալինյան շրջանը: Սա ճիշտ մոտեցում չէ»: Դաշնակցություն խմբակցության ղեկավարի կարծիքով սեփական տեսակետը պաշտպանելը  չի նշանակում  հակադրվել միասնականությանը:  «Այդ պարագայում՝  քվեարկությունը պետք է վերացնել: Բայց դա իմաստ ունի չէ՞: Կառավարության մեջ ամեն մեկն իր ոլորտի պատասխանատուն է եւ վարչապետն այդ ամենը համադրում է: Կարծում է, որ համընդհանուր «ադաբրյամսի» մթնոլորտում առաջընթաց չի լինում:  Մենք տեսել ենք այդ ամենը եւ այդպես շարժվելը մեզ համար անընդունելի է»: Արմեն Ռուստամյանը Հայաստանի նոր իշխանություններին հիշեցնում է նախկինում արված հայտարարությունները:  «Սուպերվարչապետությունից էին խոսում, հիմա հենց հարցերի հարցն այն է, որ վարչապետի լիազորությունները պակասեցնելու ուղղությամբ պետք է հստակ քայլեր կատարվեն: Դեռ այդ քայլերը չեն կատարվում»:  Ելք խմբակցության պատգամավոր  Արամ Սարգսյանն ասում  է, որ  ի սկզբանե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին կողմ է եղել:  «Խմբակցությունում ես միակ մարդն էի, որ համարում էի դա դրական, եւ Արտակ Զեյնալյանը իմ հետ ամենապինդն էր կռվում, որ դա սահմանադրության հետ կապված լուրջ խնդիրներ է ենթադրում»: Արամ Սարգսյանը մտավախություն չունի, որ   գումարները կփոշիանան։  «Այն ընկերությունը որը տնօրինում է գումարը, տնօրինում է նաեւ Կանադայի կեսաթոշակային ֆոնդը, եւ  եթե Կանադայում կասկածներ չկան , ապա մեզանում էլ խնդիրներ չեն լինի»,- ասում է  Արամ Սարգսյանը հավելելով, - այնքան էլ ճիշտ չէ այս հարցում չվստահել մի իշխանության, որին ժողովուրդն է բերել: