Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ անվտանգության ապահովումը վեր է ներքաղաքական զարգացումներից». Արմեն Աշոտյան

Քաղաքականություն
MG_2270

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 12-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով լեհ խորհրդարանականներին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հայ-լեհական հարաբերություններն ավանդաբար բարձր մակարդակի վրա են եւ համագործակցությունը դարերի պատմություն ունի: Անդրադառնալով երկու ժողովուրդների ընդհանրություններին՝ Արմեն Աշոտյանը համոզմունք է հայտնել, որ հայերը լեհ ժողովրդի նկատմամբ ամենաջերմ զգացումներն ունեն: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում բարձրացել է հանձնաժողովի դերակատարությունը խորհրդարանական դիվանագիտության հետ կապված: Նա առանձնակի կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ Լեհաստանի Սենատի համանման հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացումը: Անդրադառնալով անվտանգության ապահովման խնդիրներին՝ բանախոսը նշել է, որ ի տարբերություն Եվրոպայի, որը բազմաթիվ պատերազմներ է տեսել, միլիոնավոր մարդկանց կյանքի գնով այսօր համերաշխության ու խաղաղության մթնոլորտ է ձեւավորել, հայերը, նույնպես թանկ վճարելով տարածաշրջանում ազատ ու անկախ ապրելու գինը, դեռեւս չեն հասել այդ կայուն ու խաղաղ վերջնանպատակին: Ըստ բանախոսի՝ Հայաստանի անվտանգության ապահովումը վեր է ներքաղաքական զարգացումներից: Նա հույս է հայտնել, որ լեհական կողմը միջխորհրդարանական հարթակներում լավագույնս կներկայացնի հայ ժողովրդի շահերը: Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցության զարգացումն ու խորացումը ԵՄ անդամ երկրների, այդ թվում Լեհաստանի հետ: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին ու դրա իրականացման կարեւորությանը: Այս հարցում հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ բարեփոխումների իրականացման գործընթացում տարբեր ոլորտներում լեհական հաջողված փորձը գրավիչ կլինի Հայաստանի համար: Թադեուժ Վոժնիակն ընդգծել է, որ Լեհաստանը բարեկամ երկիր է եւ պատրաստ է բոլոր նախաձեռնությունների իրականացման, այդ թվում ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման հարցում լինել Հայաստանի կողքին: Խորհրդարանականն անհրաժեշտ է համարել թե արտաքին եւ թե ներքին անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը: Նա հավաստիացրել է, որ իր երկիրը միջազգային տարբեր հարթակներում, ինչպես նաեւ ԵՄ անդամ առանձին երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում պատրաստ է աջակցել Հայաստանին: