Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք ինչո՞վ եք աչքի ընկել, ինչո՞վ եք առանձնահատուկ, որ ձեզ ընտրենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled1-1

ԱԺ քառօրյային այսօր ՍԴ անդամի թափուր տեղի համար դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած Ելիզավետա Դանիելյանի թեկնածության քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հարց ուղղելով նրան, հետաքրքրվեց. «Ասում եք` կրքերը հանդարտվել են ու մարդկանց կալանքի տակից ազատում են։ Այդ ի՞նչ կրքեր են հանդարտվել, որ դատարանները սկսել են լավ աշխատել, կամ ժամանակին այդ ի՞նչ կրքեր են եղել։ Պատգամավորներն այստեղ ընդամենը ուզում են հասկանալ` դուք ինչո՞վ եք աչքի ընկել, ինչո՞վ եք առանձնահատուկ, որ ձեզ ընտրենք, ո՞րն է ձեր սկզբունքայնությունը, ի՞նչ հատուկ կարծիք եք ունեցել»։ Ի պատասխան Ելիզավետա Դանիելյանը նշեց. «Կրքերի հետ կապված երեւի խոսքս հստակ չէր։ Նկատի ունեի, որ դատավորները հնարավորություն ստացան հնչեղ գործերով ազատ լինել։ Օրինակ` որոշ փաստաբաններ բոյկոտում էին դատական նիստերը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերում դատարանների նկատմամբ, արդյունքում գործերի քննությունը հնարավոր չէր լինում սկսել անգամ։ Ես դա նկատի ունեի, երբ ասում էի` նիստերը բնականոն հուն չէին մտնում։ Իմ անձի` որպես դատավորի առանձնահատկությանը, ես որեւէ բան չեմ կարող ասել, ուղղակի քննարկվել է իմ թեկնածությունը, դատական խորհուրդն այդպես է հարմար գտել։ Օրինակ` կատեգորիկ անհամաձայնություն եմ հայտնել, երբ առաջին ատյանը մեղադրական դատավճիռ էր կայացրել քաղաքացու նկատմամբ, իսկ Վերաքննիչը` արդարացրել էր, մինչդեռ Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ հիմք է ընդունել առաջին ատյանի դատավճիռը։ Այս պարագայում ես ընդվզել եմ` ասելով, որ պետք է բարենպաստ ռեժիմ ստեղծել տվյալ անձի համար»։ Էդմոն Մարուքյանն արձագանքեց` ասելով. «Ընդամենը պետք է ասեիք,, որ հետհեղափոխական իրավիճակից ելնելով է, որ դատարանները սկսել են լավ աշխատել։ Նաեւ պետք է նկատի առնել, որ անհարկի նկատողություններ ու տուգանքներ են կիրառել փաստաբանների նկատմամբ»։ «Բոլոր միջնորդությունները, որ ներկայացվում են մասնակիցների կողմից, պետք է քննության առարկա դառնան, ինչպիսի որոշումներ կլինեն, սա արդեն դատարանների խնդիրն է։ Հիմա դատարանները բավականին համարձակ են ու փոխում են գործերով խափանման միջոցները, ու դրանք քննարկման առարկա չեն կարող դառնալ, քանի որ դեռ ընթացքի մեջ են, ու այդ մասին իմ կողմից յուրաքանչյուր խոսք կարող է ընկալվել` որպես ճնշում դատարանի վրա»,-հայտարարեց Ելիզավետա Դանիելյանը։ Իր ելույթում արդեն Էդմոն Մարուքյանը նշեց որ այս պայմաններում իրենք դժվար թե կողմ քվեարկեն ՍԴ անդամի այս թեկնածությանը, սակայն դեռ կքննարկեն խմբակցության հետ։ Ելիզավետա Դանիելյանն իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որ բավարարել է իր խնդրանքը` հանդիպել բոլոր խմբակցությունների հետ ու լսել նրանց կարծիքը։ ՍԴ անդամի թեկնածության քննարկումն ավարտվեց։ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն հայտարարեց, որ ՍԴ անդամն ընտրվում է փակ, գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդով. «Հիմա ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը կազմակերպչական հարցեր է հստակեցնում որից հետո Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը կասի ընտրության օրը, ժամն ու տեղը»: