Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կարող է դառնալ ԵՄ լիարժեք գործընկեր (տեսանյութ)

Քաղաքականություն
HH-EM

Հայաստանին ժամանակ է  տրված  Եվրամիության լիարժեք գործընկերը դառնալու համար։ Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը։  «Հայաստանը պետք է համապատասխանի այն բոլոր չափանիշներին, որոնք առկա են Եվրամիության անդամ երկրներում եւ ընդունի մարդու իրավունքների հետ կապված բոլոր արժեքները, որոնք մեզ մոտ կան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես  Իգիթյանը: «Այս համաձայնագիրը տվել է Հայաստանին մի յուրօրինակ հնարավորություն իրականացնելու իրավական ապրոքսիմացիա: Ես այստեղ եմ տեսնում ամենաուժեղ կետը համաձայնագրի: վիզային ռեժիմի ազատականացումը, սա եւս մեկ կետ»,-ավելացրեց քաղաքագետ Արմենակ Մինասյանցը: Այն դրույթները, որոնք մտել են ուժի մեջ, կազմում են Հայաստանի և Եվրամիության միջև  Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 80%-ը։ Դուրս են մնացել միայն այն դրույթները, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների և Եվրաատոմի բացարձակ իրավասության տակ։ Կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական համակարգի անկախացում, փոքր եւ միջին բիզնեսի ընդլայնում՝ արտոնությունների տեսքով,  սրանք  այն հիմնական պահանջներն  են, որը Հայաստանը պետք է կատարի ըստ համաձայնագրի։ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի Քաղաքացիական հասարակություն ծրագրի պատասխանատու Տաթեւիկ Խաչատրյանի   խոսքով՝  այս կետերը ներառված են Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում. «Ի զարմանս մեզ, կառավարության ծրագիրը նաեւ սինխրոնիզացված էր ԵՄ ծրագրի հետ, առաջին անգամ մեր կառավարությունը քաղաքական կամք է հայտնում պայքարել մեր հասարակության մեջ տեղ գտած այնպիսի արատների հետ, ինչպիսին են օրինակ ընտանեկան բռնությունը, օրենքի առջեւ բոլորի անհավասար լինելը նաեւ օրենսդրական առումով եւ քաղաքական առումով»:  Հիշեցնենք, որ թավշյա  հեղափոխությունից հետո ԵՄ-ն հայտարարեց, որ  կշարունակի աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին, որոնք խթանում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հարգանքը։