Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանակում աճել են հիվանդությունից մահացության դեպքերը

Հասարակություն
banak

Զորացրվածները հաճախ բողոքում են ոչ թե բուժծառայության որակից, այլ՝ բուժաշխատողների վերաբերմունքից՝ զինվորների հանդեպ: Փորձագետ Արթուր Աթանեսյանը և մի շարք այլ փորձագետներ այսօր Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստում իրենց այս և այլ մտահոգություններն էին հայտնում օմբուդսմենին: «Ես այս հարցը չափազանց կարևորում եմ, և վերաբերմուքնի հարցում բացառապես պետք է լինի բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունները, կարծում եմ՝ սա մի քանի հարցերի հետ է կապված։ Նախ՝ բժիշկների դերի բարձրացման առումով, դրանից բացի կարևոր եմ համարում նաև այս ոլորտում համապատասխան վերապատրաստումների իրականացումը։ Այդ հարցը հաճախ ունենում է նաև որոշիչ նշանակություն զինվորի հետ կոնտակտի և վստահության առումով»,- նշեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Իսկ արդյո՞ք Զինված ուժերը պատրաստ են կանանց ծառայության ընդունել և ստեղծել հավասար պայմաններ, որտեղ նրանք զերծ կլինեն բռնություններից: «Ես կարևորում եմ կանանց ցանկացած ոլորտում, հատկապես Զինված ուժերում: Մենք չենք կարող անընդհատ նշել, թե Զինված ուժերում պայմաններ չկան և դրանով քողարկել, բացառել կանանց ներգրավվածությունը, զինված ուժերն այս ուղղությամբ անցած տարի բավականին գործողություններ կատարել է, ներգրավվել են իգական սեռի ներկայկացուցիչների: Այս տարի մենք պատրաստվում ենք ուշադրությունը մեծացնել, որովհետև այստեղ մեծ է նաև կրկնակի խտրականության ենթարկվելու ռիսկը»,- ասաց Արման Թաթոյանը։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ նկատեց, որ միայն մայիս ամսին բանակում ինքնասպանության հինգ դեպք կա, որոնց շուրջ հասարակության մեջ երբեմն կասկածներ են լինում՝ արդյո՞ք դրանք ինքնասպանություններ են, թե՞՝ սպանություններ։  «Միայն քրեական վարույթի շրջանակներում չի, որ մենք պետք է անդրադառնանք կոնկրետ ինքնասպանությունների դեպքերին։ Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակներում  կա նման գաղափար,որ անդրադարձ կատարենք ինքնասպանության դեպքերի խորքային վերլուծությանը։ Միգուցե կարիք կա սոցիոլոգների, հոգեբանների ներգրավման։ Ներկայումս այդ հարցերը կրկին թարմացվում են, ամենայն հավանականությամբ մենք կփորձենք այս ծրագրի հնարավորություններն օգտագործել, որպեսզի խորքային հետազոտություններ անենք, պարզենք, հասկանանք»,- ասաց Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Քննարկման ժամանակ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի փորձագետ Անգելինա Հարությունյանը ներկայացրեց տվյալներ, ըստ որի՝ 2018 թվականին գրանցվել է հիվանդության պատճառով մահացության 18 դեպք, ինչը 2017 թվականի հետ համեմատած 4 անգամ շատ է: «Մահացության դեպքերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն տրամադրվել է, բայց քանի, որ այդ դեպքերի հետ կապված հիմնականում իրականացվում են քննություններ, այդ առիթով եթե նախաքննության մարմինները  նպատակահարմար գտնեն կարող են տեղեկություններ տրամադրել։ Այս պահին մենք չենք կարող ասել տվյալ հիվանդությունները ձեռք են բերվել մինչև զորակոչվելը, թե զորակոչվելուց հետո»,- ասաց Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ: Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը հավաստիացրեց, որ արվում է ամեն ինչ, որպեսզի զիվորը բանակում անմիջապես կարողանա ահազանգել մարդու իրավունքների պաշտպանին՝ ստեղծելով կապի հավելյալ միջոցներ: