Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չի բացառվում, որ եկող երկուշաբթի Կառավարության արտահերթ նիստ լինի. Ա. Միրզոյան

Քաղաքականություն
Ararat-Mirzoyan

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին որոշում են կայացրել։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկեց հունիսի 19-ին ժամը 11-ին անցկացնել ԱԺ արտահերթ նիստը հետեւյալ օրակարգով. «Նիստի ընթացքում կքննարկվեն «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխությունները, «Հանրակրթության մասին» օրենքում, «Պաշտոնատար անձանց ապահովման եւ սոցիալական երաշխիքների մասին», «Բարեգործության մասին», «Հողային» օրենսգրքերում փոփոխությունները։ Առաջարկում ենք արտահերթ նիստի Կառավարության ներկայացուցիչ նշանակել Ամալյա Ենգոյանին։ Նախագծերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ նախագծի մասին որոշում ընդունենք, քանի որ նախագծերի մի մասը 1-ին ընթերցմամբ են, որոնց քննարկումն ու քվեարկությունը պետք է 24 ժամում կազմակերպել»:

Սա դուր չեկավ Նիկոլ Փաշինյանին. «Նման պրակտիկայից ծայրահեղ դեպքերում պետք է օգտվել, քանի որ մեր խորհրդարանական պրակտիկայից հիշում ենք, որ այդ դեպքում պատգամավորները հարցերից պատշաճ չենք կարողանում օգտվել։ Այդ գործիքը չպետք է չարաշահել»:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն իր հերթին նշեց, որ, մասնավորապես, «Հողային» օրենսգրքում փոփոխությունների քննարկումն անհրաժեշտ է Հյուսիս-հարավ ճանապարհի հետ կապված։ Արարատ Միրզոյանը նաեւ նշեց, որ չի բացառվում, որ եկող երկուշաբթի Կառավարության արտահերթ նիստ լինի, քանի որ հրատապություն պահանջող մի շարք նախագծեր կան, որոնք պետք է քննարկեն ու ուղարկեն ԱԺ։