Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ ՀՌՀ-ն մասնավոր մուլտիպլեքսորի մրցույթ չի հայտարարում

Հասարակություն
download

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը խախտում է օրենքը. մասնավոր մուլտիպլեքսորի՝ հեռարձակման թվային ցանցի գործունեության լիցենզավորման համար այս տարի մրցույթ չի հայտարարել։ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը 2015 թվականից սկսած պարտադրում է՝ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու առաջին մրցույթը հայտարարել մինչև 2016-ի մայիսի 1-ը: Այնուհետև, մրցույթը չկայանալու կամ հաղթող չլինելու դեպքում, դրա հայտարարելուց մեկ տարի հետո պահանջվում է նոր մրցույթ հայտարարել: Օրենքի ընդունմանը հաջորդող 2 տարիներին՝ 2016-ին ու 2017-ին, համապատասխանաբար՝ ապրիլի 30-ին և մայիսի 2-ին  կազմակեպվել են մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզավորման մրցույթներ, որոնք  հայատարարվել են չկայացած՝ սահմանված ժամանակահատվածում դիմում չներկայացվելու հիմքով։ Այս տարի, սակայն, թեև մայիսի սկզբին լրացավ նախատեսված ժամկետը, ՀՌՀ-ն առայժմ մրցույթ չի հայտարարել՝ անտեսելով օրենքի պահանջը։ Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը ԽԱՊԿ-ի հետ զրույցում հայտնեց, որ հունիսի 6-ի դրությամբ մրցույթի հայտարարման որոշում չկա։ Մինչդեռ՝ նախորդ չկայացած մրցույթից անցել է ոչ թե մեկ տարի, այլ 13 ամիս։ Սա նշանակում է, որ թվային հեռարձակման հանրային ցանցը, այսինքն՝ պետական մուլտիպլեքսորը, առայժմ պահպանելու է մենաշնորհ դիրքը եւ թելադրելու է իր պայմանները ոլորտում։  «Հեռուստատեսության  և ռադիոյի մասին» օրենքի 2010-ի փոփոխումից հետո երկրում ստեղծվեց միայն պետական (հանրային) մուլտիպլեքս, որը սպասարկում է թվային հեռարձակման լիցենզիա ունեցող հեռուստաընկերություններին՝ այդ թվում յուրաքանչյուր մարզից միայն մեկ հեռուստաալիք։ Իսկ տասնյակ այլ տեղական  հեռուստակայաններ դուրս մնացին թվայնացման գործընթացից՝ օրեցօր կորցնելով լսարանը և գովազդատուներին։  2015-ին կատարված մեկ այլ փոփոխությամբ՝ այս վերջինները կարող են դեռեւս անալոգային հեռարձակում իրականացնել մինչև մասնավոր մուլտիպլեքսորի ի հայտ գալը։ Սակայն արդեն երրորդ տարին է այն չի ստեղծվում։ Ինչո՞ւ։ Ըստ գործող օրենքի՝ մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է մուլտիպլեքսն իրականացնել սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով։ րա սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան ՀՀ հանրային հեռարձակման թվային ցանցի սփռման տարածքը, այսինքն՝ ամբողջ երկրի տարածքը։ Ավելին՝ մասնավոր մուլտիպլեքսորի ցանցի բաղադրիչները (ներառյալ՝ ռադիոկայանները, մալուխները, հեռարձակող սարքավորումները) պետք է լինեն տիրոջ սեփականությունը, և որևէ վարձակալություն բացառվում է։ Բացի այդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության համար սահմանում է 100 միլիոն դրամ։ Հասկանալի է, որ այս պայմանները հրապուրիչ չեն բիզնեսի առումով և անհեռանկար են հեռարձակման ոլորտի զարգացման տեսանկյունից։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը ու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը բազմիցս են անդրադարձել այս խնդիրներին։ Մասնավորապես, անընդունելի է փոքր ու միջին ձեռնարկությունների ձեւավորման բացառումը. այն, որ օրենքը համայնքային եւ մարզային ծածկույթ ունեցող մուլտիպլեքսոր չի նախատեսվում, ոչ մի լավ հեռանկար չի խոստանում ոլորտին։ Լրագրողական երեք կազմակերպությունները տարբեր ժամանակահատվածներում օրենսդրական փոփոխությունների մի շարք փաթեթներ են առաջարկել, սակայն, ցավոք, մինչ այժմ դրանք անտեսվել են։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե