Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայր Աթոռի միաբանական ժողովը՝ համացանցում հայտնված բողոքի կոչերին

Կարևոր լուրեր Հասարակություն
766762

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ տեղի ունեցած միաբանական ժողովի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ «մեր եկեղեցու ներքին կյանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով նվիրագործված ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների միջոցով», և «խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ և հարթակներ չկան: «Վերջին օրերին համացանցում հայտնվել են նախաձեռնություններ և բողոքի կոչեր, որոնք հասցեագրված են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությանը: Ցավում ենք, որ դրանց միացել են նաև հավատավոր զավակներ, ովքեր անկեղծորեն մտահոգված են մեր Եկեղեցու առաքելությամբ», - ասված է հայտարարությունում, որ հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: «Անուրանալի են անկախությունից ի վեր հայոց հայրապետների և ուխտապահ հոգևորականների ջանքերով կատարված աշխատանքները և արձանագրված ձեռքբերումները հովվական, քարոզչական, կրթական, սոցիալական, բարեսիրական և մեր ազգային կյանքի այլ ոլորտներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր ամենօրյա գործունեությամբ մշտապես հետամուտ է հոգևոր կյանքի բարենորոգմանն ու զարգացմանը` շարունակ ջանալով լուծել եկեղեցական կյանքում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները», - նշում են միաբանական ժողովի մասնակիցները: «Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել ամենքիս համար գնահատելի և կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը և գայթակղություն դառնալով բարեմիտ հավատացյալների համար: Առավել ևս ցավում ենք, որ հանդես են գալիս նաև անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության մեջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը», - ասված է հայտարարությունում: Միաբանական ժողովը հորդորում է «հավատացյալներին և հոգևոր եղբայրներին, որ նրանք երևան եկած խնդիրները համապատասխան կարգով բարձրաձայնեն իրենց հովիվների և առաջնորդների առջև, իսկ երբ չգտնվեն լուծումներ, պատշաճ կերպով ներկայացվեն եկեղեցական բարձրագույն ատյաններին»: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական ժողովը համոզված է, որ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն հուզող ամեն մի խնդրի առնչությամբ կկայացվի համապատասխան որոշում՝ գոհացում տալով հավատացյալների սպասումներին և կարիքներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանությունը հավատարիմ է սրբազան իր ուխտին և մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից ավադնված իր առաքելությանը` ի խնդիր հայ ժողովրդի բարօրության և հայրենի մեր երկրի զորացման», - ասված է հայտարարությունում: