Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին

Պաշտոնական
nikol

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին: ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն: Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերն են իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը և քաղաքացիական համերաշխությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը և այլն:  Կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: Ըստ այդմ՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունը, նախապատվությունը և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։ Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունք արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Կառավարության ծրագրի համաձայն՝ անհրաժեշտ է, մասնավորապես, հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով և այլն: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։  Գործադիրի որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է նաև Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:   Կապահովվի ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքների վերականգնման իրականացումը Կառավարությունը հաստատել է Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը: Որոշման ընդունման նպատակն է ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման միջոցով լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում հավաքված գումարների հաշվին ապահովել ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքների վերականգնումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է օրենսդրական դաշտում կատարել փոփոխություններ, որպեսզի ապահովվի շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին ընդերքօգտագործողների կողմից կատարվող գումարների մուտքը: Այդ նպատակով անհրաժեշտ է, մասնավորապես, հստակեցնել դրամագխին կատարվող դրամական հատկացումների մեխանիզմը՝ մտցնելով վերջնական հատկացման գաղափարը, պարզեցնել ընդերքօգտագործողին դրամագլխից հատկացում կատարելու համար լիազոր մարմնի կողմից որոշում կայացնելու գործընթացը, կարգավորել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման և հրաժարման հավաստագրերի տրամադրման իրավահարաբերությունները՝ արգելելով վերը նշված գործընթացների իրականացումն առանց ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի մասնակցության և այլն:   Կապահովվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի շարունակական իրականացումը Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շարունակական իրականացումը, ինչպես նաև Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 44 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ ամրագրվել են ՀՀ 2018 թ. պետբյուջեով ծրագրի իրականացման հատկացված 458,118.0 հազ. դրամ հատկացումների հաշվին շահառուներին տրամադրվող պետական աջակցության մոտեցումների և աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված հարցերը: Մասնավորապես, որոշմամբ առաջարկվում է վերը նշված միջոցներից 451,919.0 հազ. դրամն ուղղել Լոռու մարզի բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված՝ առավել բարձր պատրաստակամության կիսակառույց բնակելի տներ ունեցող 44 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով նրանց ֆինանսական աջակցության տրամադրմանը: Ընդ որում, նախատեսվում է տրամադրել ուղղակի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ աջակցությունն ստացող ընտանիքը՝ ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագրի կնքմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնի իր բնակելի տան շինարարությունը և արդեն ավարտված բնակելի տան նկատմամբ գրանցի ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: Որոշմամբ կարգավորված են նաև ֆինանսական աջակցության տրամադրման ընթացակարգի, պայմանների, դրանց չկատարման հետևանքների հետ կապված հարցերը:   Կընդլայնվի նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու շահառուների շրջանակը Գիտության և կրթության բնագավառներում գործունեություն ծավալող (ուսումնառություն իրականացնող) և այդ բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու շահառուների շրջանակը ընդլայնելու նպատակով կառավարութունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշման համաձայն՝ իջեցվում են կրթական ծրագրի շրջանակում տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները (մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր), ինչպես նաև գիտական ամսագրերի ցանկ են ընդգրկվել նաև ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի ամսագրերը: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են ապահովելու գիտության և կրթության բնագավառներում նշանակալի ներդրում ունեցող քաղաքացիներին իրենց գործունեությամբ անընդմեջ զբաղվելու հնարավորության իրացումը: Այլ որոշումներ Կառավարության չզեկուցվող որոշումներով՝ պաշտոնից ազատվել են ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզպետները: Գործադիրի այլ որոշումներով Աշոտ Սիմոնյանը նշանակվել է Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու մարզպետ:  Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ընկերությանը տրամադրվել էր ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ըստ հիմնավորման՝ հայտով բավարարված ապրանքների ներմուծման ժամանակ առաջացել է տեխնիկական խնդիր, որը կապված է ԱՏԳ ԱԱ ծածկագրի և ապրանքի նույնականացման հետ: Վարչապետի առաջարկով օրակարգից հանվել է «Մեղրի-1» բարեգործական հասարակական կազմակերպությանը Սյունիքի մարզի Մեղրիի համայնքում «Մշակութային, ազգագրական, ագրո և էկո հյուրընկալության պայմանների ստեղծում Մեղրի քաղաքի «Փոքր» թաղում» ծրագրի իրականացման նպատակով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու հարցը: «Այստեղ տրամաբանական կոնֆլիկտ կա: Եթե սա բարեգործական ծրագիր է, թող լինի բարեգործական, եթե ներդրումային ծրագիր է՝ ինչո՞ւ ենք մենք բարեգործական գնով վաճառում: Այսինքն՝ եթե ներդրում է, ապա եկեք քննարկենք ներդրումային ծրագիրը, հասկանանք, որ մարդն ուզում է ներդրումային ծրագիր անել, տնտեսական շահույթ ստանալ: Եթե բարեգործական ծրագիր է՝ ինչո՞ւ է անպայման ուզում, որ իբրև սեփականություն այդ հողն ունենա»,-ասել է կառավարության ղեկավարը: Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է բոլոր մանուկներին Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ: «Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր երեխաներն ապրելու են պաշտպանված, երջանիկ և ազատ Հայաստանում»,-նշել է փոխվարչապետը: Տիգրան Ավինյանը կառավարության անունից շնորհավորել է նաև Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ: