Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը․ նամակ ՀՀ կառավարությանը

Հասարակություն
Amulsar

Մի շարք բնապահպանական կազմակերպություններ, փորձագետներ և իրավաբաններ նամակ են հղել ՀՀ Կառավարությանն ի դեմս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործումը դադարեցնելու և հերթական էկոլոգիական աղետը Հայաստանում կանխելու հարցով՝ ներկայացնելով դրա իրավական և մասնագիտական հիմքերը: Մատնանշելով Ամուլսարում հանքի շահագործման հետ կապված բազմաթիվ նոր հանգամանքները, թերացումներն ու օրինախախտումները՝ նամակագիրները պահանջում են դադարեցնել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը և ուժը կորցրած ճանաչել պետական փորձաքննական եզրակացությունը: Լեռնահանքային ոլորտում ՀՀ պետական քաղաքականությունը մինչ օրս հիմնված է եղել զարգացման այնպիսի տեսլականի վրա, որն աշխարհի բազմաթիվ երկրների օրինակով ապացուցված է որպես ձախողված քաղաքականություն՝ իր կարճաժամկետ, խիստ ռիսկային, տնտեսապես ոչ ծախսարդյունավետ ու ֆինանսապես անկայուն, մարդկային անվտանգությունն ու համընդհանուր բարեկեցությունը ստորադասող, ապագա սերունդների իրավունքները ոտնահարող, երկիրը երկարատև կտրվածքով աղքատության մղող հատկանիշների պատճառով։ Քանի որ տնտեսական քաղաքականության անմիջական պատասխանատուն կառավարությունն է և կառավարության ձեռքում են ոլորտի հետ կապված որոշումների ընդունման լծակները, ինչպես նաև աչքներիս առջև ունենալով Թեղուտը հանք դարձնելու քաղաքականության ողբերգական հետևանքները, առաջնահերթ հրատապության խնդիր է Ամուլսարում հանքի աշխատանքների դադարեցման հարցը։ Ստորագրող կազմակերպություններն ու մասնագետները շեշտում են, որ ընդերքօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացում ընկերությունը ներքին ընթացակարգերի այնքան մեծաթիվ կոպիտ սխալներ ու թերացումներ է կատարել, որ եթե անգամ համարձակություն ունենա միջազգային ատյաններում դատի տալ ՀՀ կառավարությանը, ՀՀ կողմն ունի բոլոր փաստերն այս դատական/արբիտրաժային գործընթացից հաղթող դուրս գալու համար: Միջազգային փորձագետները գնահատել են Ընկերության բոլոր անգլերեն փաստաթղթերը և վերհանել Ընկերության եզրակացությունների ու հայտարարությունների սխալ լինելը, ինչպես նաև հանքի հնարավոր շահագործման դեպքում առաջանալիք վնասների դեպքում պարտավորությունների  բացակայության հարցը։ Լիդիանը պատասխանատու է իր սխալ հայտարարությունների, Հայաստանի կառավարությանը և հանրությանը ապատեղեկացնելու համար։ Առանձին հետաքննության են արժանի այս նախագծի հաստատման գործում առկա հնարավոր կոռուպցիոն դրսևորումները: Մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաև, որ տեղաբնակներից շատերը վնասների փոխհատուցման պահանջներ ունեն, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասնելու դեպքում Հայաստանի Հանրապետությանը կարող են կագնեցնել մեծ գումարներ հատուցելու պարտադրանքի առջև: Ավելին, Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի դեպքում չի կատարվել անդրսահմանային ազդեցության փորձաքննություն, ինչը ՀՀ օրենսդրության և Էսպոյի միջազգային կոնվենցիայի պարտադիր պահանջ է. դա նշանակում է, որ հարևան պետություններ հոսող ջրերի աղտոտման դեպքում այդ երկրների կառավարությունները կարող են վնասների փոխհատուցման պահանջ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը և միջազգային մակարդակով մեծ խնդիրներ ստեղծել: Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ բնապահպանական հարցերում ՀՀ կառավարության օրինականությունը հաստատելուն ուղղված քայլերը կարող են վանել օտարերկրյա ներդնողներին, այո՛, կառավարության նման գործողություններն իրո՛ք կարող են վանել երրորդ աշխարհի շահագործմամբ ու սեփական գերշահույթով շահագրգիռ, երկակի ստանդարտներով գործող, օֆշորներում թաքնված, ստախոս և կոռումպացված անդրազգային մասնավոր ընկերություններին ու կորպորացիաներին: Փոխարենը, հսկայական հնարավորություններ կստեղծվեն կանաչ, կենսակայուն, օրինապահ, թափանցիկ և պատասխանատու միջազգային ու տեղական բիզնեսի համար: Նամակին միացած քաղաքացիները, մասնագետները, ՀԿ-ներն ու խմբերը հայտնում են, որ պատրաստակամ են իրենց գիտելիքը, մասնագիտական փորձը, կապերն ու նվիրումը գործի դնելու՝ Ամուլսարի և մյուս բնապահպանական խնդիրները լուծելու գործում ՀՀ Կառավարությանն աջակցելու համար: Նամակի ամբողջական տարբերակին ծանոթացեք այստեղ։   Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, գործադիր տնօրեն Սոնա Այվազյան «Էկոլոգիական իրավունք» ՀԿ, նախագահ Արթուր Գրիգորյան Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյան «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյան Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյան «էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ, նախագահ Սիլվա Ադամյան ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ, նախագահ Ինգա Զարաֆյան