Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» դուրս է մնացել Եվրոպայի լիգայի մասնակիցների ցուցակից

Սպորտ
sport-shirak-1

Բուլղարական «Լեւսկի» ֆուտբոլային ակումբը հրապարակել է այն թիմերի անվանումները, որոնք գալիք Եվրոպայի լիգայի որակավորման փուլում կարող են դառնալ իրենց հավանական մրցակիցը: Դրանց թվում են նաեւ Հայաստանի երեք ակումբները՝ Կապանի «Գանձասար-Կապանը», Երեւանի «Բանանցը» եւ ... «Փյունիկը»: Եթե առաջին երկուսը նման իրավունք ստացել են անցած մրցաշրջանում ցուցադրած իրենց արդյունքներով, ապա «Փյունիկի» հայտնությունն այդ ցուցակում զարմանք է առաջացնում: Բանն այն է, որ Հայաստանի անցած առաջնությունում փյունիկցիները զբաղեցրել են նախավերջին 5-րդ տեղը, ինչը եվրոգավաթների ուղեգիր չի ապահովում: Դա հնարավոր էր միայն այն դեպքում, եթե «Փյունիկը» հաղթեր Հայաստանի գավաթի խաղարկությունում: Ինչպես հայտնի է, այդ մրցանակին այս տարի տիրել է «Գանձասար-Կապանը»: Այն, թե ինչպես է Երեւանի «Փյունիկը» հայտնվել բուլղարական ակումբի հավանական մրցակիցների թվում, դժվար է ասել, քանի որ ՈՒԵՖԱ-ն դեռեւս պաշտոնապես չի հրապարակել Եվրոպայի լիգայի գալիք մրցաշարի մասնակիցների ցուցակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից այդ կապակցությամբ ասացին, որ իրենք տեղյակ չեն այդ մասին, եւ որ ֆեդերացիան դեռ թիմերի հայտերը չի ուղարկել ՈՒԵՖԱ: