Ներկայացրել եմ Կուտակային կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչը հետաձգելու նախագիծ

ՀՀ սոցիալական ապահովագրության նախարար Մանե Թանդիլյանը իր ՖԲ-ի էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչև 2019թ-ի հուլիսի 1-ը հետաձգելու նախագիծ է ներկայացրել կառավարության քննարկմանը: 

Ստորեւ տեքստն ամբողջությամբ.

Կուտակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելու նպատակով՝ Կառավարության քննարկմանն եմ ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկել եմ սոցիակալան վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը: Նշված ժամանակը անհրաժեշտ է օրենքը լրամշակելու, համակարգի խնդիրները վեր հանելու և դրանց հիմնավոր, արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ տալու համար՝ ներգրավելով հասարակության լայն զանգվածներին, համակարգի շահառուներին՝ հաշվի առնելով նաև նրանց կարծիքը:

Ընդհանրապես, նոր կառավարությունը զերծ է մնալու նախորդ կառավարությունների արատավոր աշխատաոճից, երբ օրենքներում պարբերաբար կատարվում են փոփոխություններ և լրացումներ, որոնց մի մասը բավականին մեծ արագությամբ: Այս ամենը միշտ խորացրել է անվստահության մթնոլորտը, որը առկա է նաև կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ: Մի քանի հարյուր հազար քաղաքացիներին վերաբերվող օրենքը պետք է լինի այնպիսին, որ ապահովի երկարաժամկետ վստահությունը: Ոչ միայն սոցիալական վճարի վճարումը, այլ նաև ՀՀ քաղաքացու կողմից վճարվող յուրաքանչյուր դրամի արդյունավետ օգտագործման նկատմամբ վստահությունը պետք է դառնա նոր կառավարության գլխավոր առաքելություններից մեկը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետագա փոփոխությունների քննարկումները կլինեն ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ակտիվ մասնակցությամբ և համոզված եմ, որ առաջիկայում կունենանք ամբողջական և արդյունավետ լուծում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում կներակայացնի առաջարկներ ապագա քննարկումների ժամանակ, որի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ: