Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոսանքի ավել գրված վարձավճարը՝ դատական քաշքշուկի պատճառ (տեսանյութ)

Հասարակություն
dat-1

Ջրվեժ գյուղի բնակիչ Էդուարդ  Հինյանի նկատմամբ հետախուզում է  հայտարարված, թեեւ խափանման միջոցը մնում է չհեռանալու մասին ստորագրությունը։ Նման որոշում է կայացրել  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝  ապրիլի 5-ի նիստում, քանի որ  քաղաքացին չի ներկայացել դատարան։ Էդուարդ  Հինյանը պնդում է՝ չի ներկայանում, քանի որ չի ընդունում մեղադրանքը։ «Ինձ ասում են ամբաստանյալ, մարդ  վատ  է զգում: Ինչի՞ համար, որ պայքարել եմ հանուն արդարության»: Ըստ մեղադրանքի՝ Էդուարդ Հինյանը 2016 թվականի ապրիլի 25-ին էլեկտրաէներգիայի գումարը վճարելու հարցի շուրջ վիճաբանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի  աշխատակից  Սամվել Մուրադյանի հետ՝ պատճառելով նրան  առողջության թեթև վնասի հատկանիշներով մարմնական վնասվածք:  Մեղադրանք է առաջադրվել նաեւ Սամվել Մուրադյանին, արդեն  Էդուարդ Հինյանին  կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս  պատճառելու համար։ Էդուարդ  Հինյանը պնդում է՝ ամբաստանյալի աթոռին պետք է լիներ միայն Սամվել Մուրադյանը, քանի որ ծեծվողը իրականում  միայն  ինքն է եղել։ Իսկ վիճանաբությունն էլ ծագել է այն բանից հետո, երբ իր տան հոսանքի հաշվիչը հայտնաբերել է կոտրված, եւ եթե ձմռան ամիսներին իր հոսանքի վարձը կազմում  էր  15 հզ դրամ, ապա ապրիլին՝ 30 հզ դրամ: Նա էլ  փորձել է պարզաբանում ստանալ Սամվել   Մուրադյանից։  «Եկան դռան զանգը տվեցին, տեսուչը կանգնած էր դրսում: Եկան ինձ ընդառաջ, կպա դարպասին, ընկա գետնին եւ սկսեցին խփել»: Էդուարդին տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց եւ ախտորոշել գլխուղեղի սալջարդ: Այն ինչ, մեկ այլ կլինիկայում ստուգվելուց հետո ախտորոշվել է գանգոսկրի աջ քունքային ներհրված կոտրվածք:  «էլեկտրացանցը համագործակցել է բժիշկների հետ՝ կեղծելով անալիզների արդյունքները»: Էդուարդը նշում է, որ դատական բժիշկի կողմից եւս պատշաճ հետազոտության չի ենթարկվել. «Դատական բժիշկը ինձ չի էլ նայել»: Էդուարդ  Հինյանն պնդում է՝  այնպիսի  բուժօգնության կարիք ունի, որը հնարավոր կլինի իրականացնել միայն արտերկրում:  «Ես կարիք ունեմ հետազոտվելու դրսում, բայց չեմ կարողանում դուրս գալ երկրից»: Էդուարդ Հինյանը պահանջում է արդարացնել իրեն։ Դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 29-ին։