Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում ճառագայթային բուժման զարգացումը  կիրականացվի մասնավոր ներդրողների աջակցությամբ

Քաղաքականություն
բժշկական-օգնություն-300x214

«ՀՀ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի» 2-րդ փուլով նախատեսված ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման ձևաչափի փոփոխությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է «Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին» որոշում: Արդյունքում  կստեղծվի հնարավորինս շահավետ միջավայր մասնավոր ներդրողներին գրավելու համար, կհստակեցվեն մասնավոր ներդրումների ներգրավման հնարավոր ձևաչափերը: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի 2-րդ փուլով նախատեսվել էր հիմնադրել ճառագայթային բուժման կենտրոն, որի ստեղծման ամբողջ աշխատանքը պետք է իրականացվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխության արդյունքում հայկական կողմը խնդրել է Համաշխարհային բանկին` Ճառագայթային կենտրոնի ստեղծման համար նախատեսված գումարները բաշխել այլ ուղղություններով: Մասնավորապես` գումարներն ուղղվելու են Մարտունի քաղաքում և Վայոց ձորում բժշկական կենտրոններ կառուցելուն: Միաժամանակ, Ճառագայթային բուժման կենտրոնը ստեղծելու համար ՀՀ պետբյուջեից համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չեն։ Կարևորելով չարորակ նորագոյացությունների արդյունավետ բուժման և կառավարման ժամանակակից կարողությունների ստեղծումը՝ Հայաստանում ճառագայթային բուժման զարգացումը  պլանավորվում է իրականացնել մասնավոր ներդրողների կողմից։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, ծրագրի առաջին փուլի արդյունքներով. «Ես տեղյակ եմ, որ այնտեղ ձեռք ենք բերել ցիկլատրոն սարքը, որով նախատեսվում էր իզոտոպների արտադրություն, ինչը պետք է օգտագործվի օնկոլոգիական հիվանդությունների բուժման դիագնոստիկայի համար»:  Արսեն Թորոսյանը հայտնել է, որ  դեռևս 2009 թվականից սկսած որոշում է կայացվել, որ Հայաստանին անհրաժեշտ է նման ախտորոշման կենտրոն և մինչ օրս էլ նման կենտրոն չկա, սարքը չի օգտագործվել, ինչի արդյունքում հիվանդները բուժման նպատակով այլ երկրներ են գնում: «Այսինքն՝ մի քանի միլիարդ ծախսել ենք, այդ սարքերը դրել ենք, կողպեքը կախել ենք դռանը ու գնացել մեր գործերով»,- արձագանքել է  վարչապետը և հետաքրքրվել, թե ինչ  խոչընդոտներ են եղել: Ըստ նախարարի՝ իրականում բարդ պրոցես է եղել՝ սկսած միջազգային կոնսուլտանտների ներգրավումից, վերջացրած մրցույթի հայտարարմամբ: Վարչապետը հանձնարարել է առողջապահության նախարարին արդարադատության նախարարի հետ  քննարկել հարցը և առաջարկել խնդրի կարգավորման լուծումներ: Շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անվճար հակադիաբետիկ (դիաբետոն 60մգ) դեղի  ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Խնդրի կարգավորման նպատակն է պետբյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2015-2019 թթ. անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղի պահանջարկը 100 տոկոսով: Ըստ այդմ՝ 2018 թ.  գնման պլանով նախատեսված գումարի տնտեսումը կկազմի  շուրջ  154 մլն  ՀՀ դրամ: