Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՊ խորհուրդը որոշեց «չպատժել»  փաստաբաններին

Հասարակություն
9431ae9fba0ae5b1ebfca88648bc4f7a

Փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանցը եւ  Տիգրան Հայրապետյանը չեն ենթարկվի կարգապահական պատասխանատվության: Նրանց պատասխանատվության ենթարկելու  համար Փաստաբանների պալատ էր դիմել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը:  Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար  Ժիրայր Սեֆիլյանի  եւ մյուսների  գործով դատական նիստի ժամանակ փաստաբանները միջնորդել էին հետաձգել նիստը, քանի որ 25 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանն ի վիճակի չէր եղել  մասնակցել նիստին: Մինչդեռ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ցանկացել էր շարունակել դատական նիստը: Այդ ժամանակ  Ժիրայր Սեֆիլյանը եւ Ներսես Պողոսյանը  փորձել էին  լքել նիստերի դահլիճը: Դատավորը ընդմիջել էր դատական նիստը, իսկ ընդմիջումից հետո փաստաբանները չէին մտել դահլիճ:  Տաթեւիկ Գրիգորյանը   սա դիտել էր որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:   Կարգապահականի նիստին փաստաբաններ Նինա Կարապետյանցը եւ Արայիկ Պապիկյանը միջնորդեցին ՓՊ խորհրդին թույլատրել տեսանկարահանում անցկացնել:    Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո խորհուրդը որոշեց թույլ տալ միայն ձայնագրություն կատարել՝ նշելով, որ դիմողի կարծիքը հայտնի չէ:  Պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ անձամբ դիմել է  դատավոր   Տաթեւիկ Գրիգորյանին ՝  նիստի ընթացքում տեսանկարահանման  վերաբերյալ  իր դիրքորոշումը ճշտելու հետ կապված. «Ինքը դատական նիստով հայտնեց, որ պարտավոր չէ ինձ պատասխանել: Ինքը չի հարգել ինձ,  չի հարգել խորհրդին: Իր անհասկանալի, տարօրինակ վարքագիծը չի համապատասխանում այն բարձր կոչումին, որ ինքը զբաղեցնում է։ Նա նաեւ ապօրինի որոշում է կայացրել, որ հիմա քննում է խորհուրդը։ Քանի որ ինչ- որ անձի ցանկանությունը կամ կամակորությունը զրկեց բավարարված միջնորդություն ստանալու,   ապա հայտարարում եմ, որ այս նիստին ես չեմ մասնակցի եւ կլքեմ»,- ասաց Արայիկ Պապիկյանը:    Մինչ փաստաբանները կլքեին դահլիճը,  «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ  «Ժիրայր Սեֆիլյան եւ մյուսներ»-ի գործով փաստաբանը հիշեցրեց, որ իրենց նկատմամբ հետապնդումները՝ դատական սանկցիաների տեսքով սկսել են կիրառվել դեռ նախորդ տարվանից:   Նինա Կարապետյանցն էլ  ափսոսանք հայտնեց, որ խորհրդի անդամները տեղյակ չեն փաստաբանների նկատմամբ  տեւական ժամանակ կատարվող հետապնդումների մասին. «Ողջ միջազգային հանրությունը արձագանքեց փաստաբանների սանկցիաների հետ կապված հետապնդումներին: Փաստաբաններին միանշանակ հետապնդում էին, այլ նպատակ չէր կարող լինել»: Նա նաեւ ավելացրեց, որ տեսանկարահանում թույլ չտալով ՝ ՓՊ  խորհուրդը պաշտպանում է դիմող կողմին եւ ոտնահարում պատասխանողի իրավունքները: Փաստաբանները լքեցին դահլիճը, իսկ խորհուրդը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշեց կարճել Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի եւ Տիգրան Հայրապետյանի  դեմ հարուցված կարգապահական վարույթը: