Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գլխավոր դատախազության 10 տարիների աշխատանքն ապարդյուն ու ձախողված տարիներ են եղել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled2-5

ԱԺ-ում այսօր Գլխավոր դատախազության հաշվետվության ներկայացման քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր ելույթում խոսեց իրենց խմբակցության անցկացրած խորհրդարանական լսումներին, որոնք վերաբերել են մարտի մեկի իրադարձություններին. «Արդյունքում, պարզ է դառնում, որ Գլխավոր դատախազության` անցած 10 տարիների աշխատանքն ապարդյուն ու ձախողված տարիներ են եղել։ Կրակելու հրաման տվողներից առաջինը եղել է Ռոբերտ Քոչարյանը, սակայն դատախազությունը հրաժարվում է նրան հարցաքննել։ Զիբիլիքսի բացահայտման հետ կապված մի մեծ փաթեթ ենք տվել` պատրաստի ապացույցներով, սակայն նախաքննության մարմինը մերժել է, կարճել է գործը։ Դուք պետք է հեռանաք ու պետք է ճանապարհ բացեք իրավական ՀՀ կայացման համար ու, ի վերջո, այդ հանցագործությունները պետք է բացահայտվեն»։

Ելք խմբակցության մեկ այլ պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր ելույթում հայտարարեց. «Պարոն Գլխավոր դատախազի պատասխաններից հետո մենք թարգմանության կարիք ունենք հայերենից հայերեն, քանի որ ձեր արտահայտած մտքերը ոչ թե հայերեն հասկանալի չէին, այլ չէին արտահայտում ՀՀ-ում եղած իրավիճակը։ Մի անեկդոտ եմ հիշում այս առիթով, երբ աֆրիկացուն, արաբին ու ամերիկացուն հարցնում են, թե ինչ կարծիք ունեք սննդի պակասի մասին աշխարհի տարբեր ծայրերում ու տարբեր կարծիքներ հնչեցին։ Նույնն է հիմա մեզ մոտ` նախկին իշխանություններին հարցնում ենք` ինչ է կոռուպցիան, քաղբանտարկյալները, ասում էին` չեն սահմանել։ Եկեք չսահմանենք, թե դրանք ինչ են, սակայն այդ դեպքում այդ երեւույթները չեն վերանա։ Պարոն դատախազ, ձեր եւ հանրության միջեւ անջրպետ է առաջացել. եղել է սելեկտիվ արդարադատություն, երբ իսկական գողերին չեք բռնել, սակայն տոնածառ տեղադրողին բռնում եք, մարդիկ սկսում են ձեզ չվստահել։ Չպետք է մասնագիտական սպեկուլյացիաներ լինեն։ Հանրությունը, ի վերջո, խրատ կտա, սակայն ինչպես տեսանք` այդ խրատներն ինչի են հասցնում»։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց. «Իմ պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն այնպիսի բացահայտումներ են եղել, որոնք անհամեստություն չլինի, սակայն աննախադեպ են եղել։ Ես չեմ ասում, որ դրանք բավարար են, ուղղակի ոգեշնչում են` առաջ շարժվելու։ Իսկ դա եղել է բազում անքուն գիշերներ անցկացնելու, սպառնալիքներով լի զանգեր ստանալու, պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք։ Ուզում եմ պատասխանել տիկին Նազարյանի դիտարկմանը` համեստորեն արձագանքելով` ես Սահմանադրությամբ եմ ստանձնել իմ պաշտոնը, իսկ ինձ պաշտոնից հեռացնելու մեխանիզմները հստակ են։ Ինչ վերաբերում է իմ մասնագիտական բառապաշարին, որ այն հասկանալի չէ, ապա խորհուրդ կտամ ավելի շատ շփվել այդ ոլորտի նյութերին ու հասկանալի կլինի»:

Գլխավոր դատախազության հաշվետվությունը ԱԺ-ն ընդունեց ի գիտություն։