Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեն Սիմոնյանը՝ մանդատից հրաժարվելու մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Cccapture

Երեկվա իմ հայտարարությունը ենթադրում է, որ պայքարելու եմ, որ Երեւանը չաղավաղվի, չշարունակվի այն քաղաքականությունը, որը տեղի է ունեցել մինչ օրս: Այսօր՝ մայիսի 23-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որը երեկ երեկոյան հայտարարեց մանդատը վայր դնելու մասին: Լրագրողները նաեւ հետաքրքրվել են, թե այս պահին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է:  «Տարոն Մարգարյանի հրաժարականը տրամաբանական շարունակությունն է այն գործընթացի, որը տեղի է ունեցել, այն ընտրությունների, որը տեղի է ունեցել, եւ այն հետեւանքների, որը համաժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցավ»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Չնայած Երեւանի ավագանիում ՀՀԿ-ն մեծամասնություն ունի, Սիմոնյանը հնարավոր է համարում Տարոն Մարգարյանի հրաժարականին հասնելը. «ՀՀԿ խմբակցությունն ավագանիում բաղկացած է հայտնի եւ մեծ մասամբ ոչ քաղաքականացված մարդկանցով, որոնք, չեմ կարծում, իրենց նույնականացնում են ՀՀԿ-ի եւ ՀՀԿ գաղափարախոսության հետ»: Ավագանու ՀՀԿ-ական անդամների հետ, սակայն, առանձին բանակցություններ Ալեն Սիմոնյանը չի ունեցել. կոռեկտ չի համարում, քաղաքապետի հրաժարականի գործընթաց սկսելու հարց նույնպես «Ելք»-ում չեն քննարկել: Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան գրառումներին եւ սոցցանցում հնչած քննադատություններին ու կասկածներին, թե մանդատից հրաժարվել է, քանի որ հստակ գիտի՝ քաղաքապետ է դառնալու, Ալեն Սիմոնյանն արձագանքել է. «Դե՝ այնքան «ֆեյքեր», որքան քաղաքապետարանն ունի, ոչ մի այլ գերատեսչություն չունի: Ես նորմալ եմ վերաբերվում, չի կարող լինել մեկ կարծիք մեկ անձի շուրջ: Իմ որոշումը ես կայացրել եմ այն ժամանակ, երբ իմացել եմ, որ օրերի հետ կապված խնդիր կա եւ միտում կա օրվա լրանալուն պես արձանագրություն կազմել եւ ուղարկել ԿԸՀ»: