Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարմազանովը այլակարծության եւ այլախոհության կոչ արեց (տեսանյութ)

Քաղաքականություն
VYuaD3Dfjx8

  Հարգելի խորհրդարան Սիրելի ժողովուրդ Մեր երկրում ներքաղաքական զարգացումները թևակոխել են նոր փուլ: Կա նոր կառավարություն և նոր ընդդիմություն: Հուսով եմ` թե՛ կառավարությունը և թե՛ ընդդիմությունը` այսինքն մենք, կգործենք բացառապես ՀՀ ժողովորդի, Հայաստանի ու Արցախի պետական ու ազգային շահերից ելնելով: Այո, կա նոր իրողություն. մենք լինելու ենք կառուցողական ընդդիմություն, արհեստականորեն չենք խոչընդոտելու կառավարության աշխատանքը, բայց կան  մի շարք ծրագրային կետեր, որոնք նույնիսկ քննարկման և սակարկման ենթական չեն մեզ համար, դրանք են.

  1. Ժողովրդավարության, քաղաքական բազմակարծության և այլակարծության զարգացումը: Ակնհայտ է, որ բոլոր թերություններով հանդերձ, մեր կառավարման շրջանում դրանք զարգացել են, և նոր իշխանություններին չէր խանգարի այլակարծության, բազմակարծության և հանդուրժողոկանության հարցերում ընդօրինակել այդ մոտեցումը: Այլակարծության բացակայությունն ու մերժումը ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա:
  2. Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը քննարկման ենթակա չէ: Սա ոչ թե տարածքային հակամարտություն է Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլ ինքնորոշման իրավունքի և ազատության պայքար, որտեղ Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես Ադրբեջանի հետ հակամարտության կողմ, այլ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր:
  3.    Ազգային անվտանգության և բանակաշինության խնդիրները առաջնային են մեզ համար: Իմ խորին համոզմամբ մի կողմից իրական ժողովրդավարական, մյուս կողմից իրական ազգային ավանդական և քրիստոնեական արժեքները ոչ թե հակադրելի են, այլ համադրելի: Մենք շարունակելու ենք աջակցել և արժևորել ավանդական ազգային ընտանեկան արժեքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ միևնույն ժամանակ հարգելով դիմացինի մշակույթն ու ազգային ավանդույթները:
  4. Տնտեսության դիվերսիֆիկացում և տնտեսական աճի տեմպերի պահպանում և զարգացում: Հիշեցնեմ, որ մեր կառավարությունը նոր կառավարությանը փոխանցել է առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ ունեցող երկիր: Եվ ակնկալում ենք նոր կառավարությունից ոչ պակաս քան   նման զարգացման տեմպերի ապահովում:
  5. Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին պետք է պահպանվի և խորացվի: Արձանագրենք, որ շատ կարճ ժամանակում նորանշանակ վարչապետը փոխեց և սրբագրեց իր նախկին դիրքորոշումը և ընդունեց, որ այդ կառույցներին անդամակցումը ոչ միայն չի սպառնում մեր անվտանգությանը, ինչպես ինքն էր նշում նախկինում, այլ ընդհակառակը:
Եվ վերջապես, մենք որպես ազգային պահպանողական քաղաքական ուժ, որի համար ազգային ու քրիստոնեական արժեքները առանցքային են, շարունակելու ենք գործել բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի`լինելով կառավարության գործընկերը, բայց ոչ երբեք կցորդը: Շնորհակալ եմ ուշադրության համար: