Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սողանքը գրավել է Ողջաբերդի ողջ տարածքը. տները ճաքում են ու սահում (տեսանյութ)

Հասարակություն
soxanq

  Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղը մնում է վտանգավոր գոտում։ Սողանքի հետեւանքով տները իջնում են, պատերն էլ ճաքեր տալիս: «Մեր գյուղի նման խիստ վտանգավոր գոտի չկա, բայց ոչ մեկի պետքը չի: Մարզպետին դիմում ենք, ասում է գումար չունենք»,-նշում է Համլետ Սեւոյանը: Երեւանից 20 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը Հայաստանի ամենաակտիվ սողանքային  օջախներից է: Դրանք Ողջաբերդում սկսվել են 80-ական թվականներին, իսկ արդեն 1990-ականներին սողանքն ընդգրկել է գյուղի ողջ տարածքը:  Դեռ 2011-ին էին խոստացել գյուղը  տեղափոխել եւ բնակիչներին ապահովել բնակարանով: «2011-ը եկավ ՝ ծրագիրը սառեցրին, ասացին բյուջեում փող չկա: Հիմա մենք մնացել ենք  օդի մեջ»,-ասում է Թամարա Շահբազյանը: Համայնքի ղեկավար Նորայր Մելքոնյանի խոսքով, գյուղի 140 ընտանիք փուլ առ փուլ պետության կողմից ստացել է փոխհատուցում: Իսկ մնացած 139 ընտանիքի  ճակատագիրը դեռ անհայտ է:  «Մարդիկ կան ստացել են իրենց փողերը ու տները վաճառել են ուրիշին, ու դա օրինականացրել են, իսկ մենք օրինական չենք կարողանում տների փողը ստանալ»:  «Ումից են պակաս մեր երեխաները, մեր թոռներն ապրում են ճաքերի մեջ»,-ասում են բնակիչները:  «Հողեր ունենք մշակովի,  որ դրանով պետք է ապրենք, բայց սողանքի պատճառով մեքենա չի մտնում, ճանապարհ չկա»: Կառավարության որոշմամբ գյուղի տարածքում արգելվում է շինարարություն անել: Գազը գյուղ է մտել, բայց բնակիչներին չի հասել:  Գյուղի բնակիչ Հենրիկ Համբարձումյանի խոսքով՝ գյուղապետն  ու մի քանի կառույցներ գազ ունեն, բայց գյուղի բնակիչները չունեն: Վերջին անգամ ռիսկայնության վիճակի գնահատում այստեղ կատարվել է 2002-2004-ին: Մինչդեռ, ըստ գյուղացիների, վիճակը  օրեցօր վատթարանում է։