Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդիկ հույսը կապել էին նույնիսկ զինված ապստամբության հետ. Ա. Իշխանյան

Քաղաքականություն
Avetiq-Ishkhanyan

Միջազգային կառույցները հստակ բնութագրումներ են տվել, թե ովքեր են քաղաքական բանտարկյալները։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ «Առաջին անգամ է, որ որևէ երկրի իշխանություն ընդունում է, որ իր երկրում քաղբանտարկյալներ կան»,- նշում է Ավետիք Իշխանյանը։ Բանախոսները համակարծիք են, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, սակայն «Սասնա ծռերի» գործով մոտեցումն այլ պետք է լինի։ «Երկրում տեղի է ունենում զինված ապստամբության փորձ, և հսկայական քանակությամբ զանգվածներ նրանց աջակցում են։ Սա նշանակում է, որ Հայաստանում այնպիսի ռեժիմ էր, որ մարդիկ հույսը կապել էին նույնիսկ այդպիսի ապստամբության հետ։ Հիմա, եթե մենք ժողովրդավարական ճանապարհի վրա ենք, ապա արդյո՞ք իրադրություն չի փոխվել։ Նրանց պետք է ինչ-որ կերպ ազատ արձակեն, ոչ թե արդարացնեն, իսկ ինչ վերաբերում է ոստիկանների սպանությանը, նրանց՝ ոչ»,- ասաց Ավետիք Իշխանյանը։ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներով զբաղվող կառույցները «գործադուլ» են անում։ Ըստ նրա՝ եթե Հայաստանում իրավապահ մարմինները ցանկություն ունենան քաղբանտարկյալների հարցը լուծել, ապա դա կանեն։ «Ովքեր միջազգային կազմակերպությունների կողմից քաղաքական հալածյալներ են ճանաչվել, անմիջապես պետք է ազատ արձակվեն, իսկ ովքեր քաղբանտարկյալներ չեն, սակայն գործերում առկա են քաղաքական երանգներ, պետք է լինի մարդասիրական մոտեցում»։ Ըստ Ազատ Արշակյանի՝ իրավապահ մարմինները պարտավոր են վերանայել նաև նախորդ 20 տարիների կասկածելի դատական գործերը։