Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ Բաքվում, ոչ Երևանում թող լինի նիստը, այլ Սոֆիայում

Քաղաքականություն
852b13742193a865b4569a3112eb34a5

Մայիսի 15-ին լրացել է ՍԾՏՀ 25-ամյակը, որի առթիվ Ստամբուլում անցկացված վեհաժողովում ընդունվել է հռչակագիր: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանն այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ թուրքական կողմը ցանկացել է Երուսաղեմի հետ կապված անընդունելի մի ձեւակերպում ներառել փաստաթղթի մեջ, ինչին հակառակվել է հայկական պատվիրակությունը։ «Մենք հստակ ասացինք, որ Երուսաղեմը պետք է դառնա նաեւ Պաղեստինի մայրաքաղաք։ Մենք նաեւ ընդգծել ենք, որ ՍԾՏՀ-ն ընդգծված տնտեսական կառույց է ու ռեգիոնալ է, իսկ արաբա-իսրայելական կոնֆլիկտը դուրս է մեր տարածաշրջանից, դրա համար մեր տեսակետը չի կարող ներառվել այդ փաստաթղթի մեջ, որը վերաբերում էր կառույցի 25-ամյակին։ Մինչդեռ թուրքական պատվիրակությունը ամեն ինչ անում էր, որ այդ փաստաթղթի մեջ ներառվի Երուսաղեմի մասին այդ կետը։ Մենք ասել ենք, որ խնդրիների սրությունը չեզոքացնելու համար պետք են արդյունավետ լուծումներ»: Գագիկ Մինասյանը նաեւ նշեց, որ ՍԾՏՀ բյուրոյի հերթական նիստը լինելու է Տիրանայում հունիսի 19-ին. «Այդ օրը կորոշվի` կառույցի Գլխավոր քարտուղարի ընտրության տեղն ու ժամանակը։ Գլխավոր քարտուղարն ունի չափազանց մեծ լիազորություններ` այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու մեր աշխատանքները։ ՍԾՏՀ առաջին երկուսի ղեկավարների պահվածքը չափազանց վտանգավոր է եղել. գլխավոր քարտուղար չպետք է լինի այն անձը, որը ներկայացնի կոնֆլիկտի անդամ պետության շահերը։ Նախկին ղեկավարները եղել են նախ Ուկրաինան, հիմա` Ադրբեջանը։ «Լավ կլինի, որ չընտրվի մեկը, որ ներկայացնի կոնֆլիկտի կողմ ներկայացնող երկիր։ Մենք փորձում ենք գտնել համախոհներ, որպեսզի գտնենք այլընտրանքային թեկնածուի, որը մրցութային պայմաններով կընտրվի։ Գլխավոր քարտուղարի ընտրության քաղաքներն են կամ Երեւանը, կամ Բաքուն կամ Սոֆիան։ Բյուրոյի ներկա կազմը խիստ աննպատակահարմար է, ու ամեն ինչ անելու ենք, որ Բաքուն` որպես գլխավոր քարտուղարի ընտրության վայր, չընտրվի։ Բանն այն է` երբ վեհաժողովի նիստերն անցկացվել են Բաքվում, հայկական պատվիրակությունը ընդամենը մեկ անգամ է մասնակցել նիստին։ Մենք միշտ առաջարկում ենք, որ Ադրբեջանը մեր պատգամավորներին տա անվտանգության երաշխիքներ, քանի որ նրանք միշտ ընդգրկված հայատյաց քաղաքականություն են վարել։ Սա քաղաքական առճակատում է ու խտրական վերաբերմունք է հայկական կողմի նկատմամբ։ Եթե Բաքվում լինի նիստը, ապա դա նշանակում է ի դեմս հայկական կողմի, կառույցն անդամ պետությանը դուրս կթողնի նիստի մասնակցությունից։ Որպեսզի չլինի կողմնակալություն, մենք ասում ենք Երեւանում էլ թող չլինի նիստը, թող լինի Սոֆիայում։ Հիմա սպասում ենք դեպքերի զարգացմանը»,- ընդգծեց Գագիկ Մինասյանը։ Հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանն իր հերթին նշեց, որ վեհաժողովի անցկացման կենտրոնը գտնվում է Ստամբուլում. «Դա է ամենամեծ խնդիրը։ Կառույցի անդամ 12 պետություններից շատերը տարածքային ամբողջականության խնդիրներ են բարձրացնում, թեեւ նրանք իրենց սլաքները հիմնականում ուղղում են ՌԴ»: Պատվիրակության մեկ այլ անդամ Գեւորգ Գորգիսյանն իր հերթին ավելացրեց, որ վեհաժողովի 25-ամյակին նվիրված փաստաթղթի մեջ Թուրքիան փորձում էր խիստ միակողմանի, անընդունելի մոտեցում ներառել Երուսաղեմի հետ կապված, ինչին ի պատասխան իրենք ասել են, որ կառույցը չպետք է քաղաքականացնել։