Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի. ermenihaber.am

Քաղաքականություն
ermeni

Ներկայիս Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա) քաղաքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի։ Կայսերիի քաղաքապետարանն արդեն սկսել է եկեղեցու շինության վերանորոգման – վերականգնման աշխատանքները։ Օսմանյան ժամանակաշրջանին պատկանող այս կառույցը նախկինում տարբեր ժամանակահատվածներում ծառայեցվել է որպես ոստիկանական բաժանմունք և մարզասրահ։ Թուրքական մամուլի հավաստմամբ՝ եկեղեցու պատերին առկա զարդաքանդակները, որմնանկարներն ու գրությունները, որոնք ավելի վաղ կատարված աշխատանքների ժամանակ ծածկվել էին գաջի շերտով, այժմ հատուկ մանրակրկիտ ջանքերով կրկին մաքրվել, բացվել են։ Հայտնի է, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել՝ հայկական եկեղեցին 24 ժամ գործող քաղաքային գրադարան դարձնելու վերաբերյալ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Գրադարանի վերածված եկեղեցում կլինի ինչպես ավանդական գրքերից, այնպես էլ ժամանակակից էլեկտրոնային գրքերից օգտվելու հնարավորություն։ Կայսերիի քաղաքապետ Մուստաֆա Չելիքի խոսքով՝ Թուրքիայի տարածքում մինչ օրս գրադարանի վերածված եկեղեցի դեռ չի եղել։ Ամեն դեպքում, նպատակ է դրվել կառույցը վերականգնել ըստ իր նախնական տեսքի։ Ենթադրվում է, որ վերակառուցման, կահավորման ու գրքերի արխիվ ստեղծելու համար շուրջ 6-8 մլրդ թուրքական լիրա կծախսվի։ Ավելի վաղ եկեղեցում իրենց կրոնական արարողություններն իրականացնելու համար Կեսարիայի բողոքական համայնքը դիմել էր՝ եկեղեցին իրենց հանձնելու խնդրանքով: Ստամբուլի բողոքական եկեղեցին դիմում էր ներկայացրել Կեսարիայի քաղաքապետարանին, քանի որ Կեսարիայի բողոքական համայնքը աղոթատեղի չունի: Բողոքական եկեղեցու դիմումը, սակայն, մերժվել էր: