Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագանին հունիս ամսին Տարոն Մարգարյանին կարող է անվստահություն հայտնել (տեսանյութ)

Քաղաքականություն
yerevani-avagani

 ՀՀԿ-ական  Ռուզաննա Սիրունյանը հավատում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հենց այդ պատճառով էլ արդեն հինգ տարի է ավագանու անդամ է ՀՀԿ-ից: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենը զարմանում է, թե ինչու են քաղաքացիները բողոքում եւ պահանջում Տարոն Մարգարյանի հրաժարականը. «Տարոն Մարգարյանը մեկ տարի առաջ մեր համաքաղաքացիների քվեների մեծ մասն է ստացել: Մտածել, որ Տարոն Մարգարյանը մեր ժողովրդի համակրանքը չի վայելում, եւ չեն համակրում իրեն, ես համամիտ չեմ դրա հետ»: Երեւանում դեռ չլուծված  շատ խնդիրներ կան. քաղաքային տրանսպորտ, վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցում, վերելակների, տանիքների նորոգում, աղբի վերամշակման գործարանի կառուցում եւ այլն: Ըստ ավագանու անդամի , սա չի նշանակում, թե Տարոն Մարգարյանը քիչ գործ է արել. «Այսօր մենք ունենք երաժշտական դպրոցներ, որոնք լավ կահավորված են, երաժշտական գործիքներով են համալրված: Տեսեք՝ մանկապարտեզների հարցը, այգիների հարցը:  Այդ հարցերը լուծված են»:  «Թրանսփերենսի Ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը հիշեցնում է հրապարակումները  Տարոն Մարգարյանի այս կամ այն բիզնես շահերի եւ քաղաքային բյուջեի  անարդյունավետ  վատնման մասին: Եւ այս համընդհանուր դժգոհության ֆոնին Տարոն Մարգարյանի մնալը միայն մեկ նպատակ  ունի. «Ինքնապաշտպանական բնազդն է երեւի՝ մնալով աթոռին պահել այն ամենը, ինչ ձեռք  են բերել այդ աթոռի շնորհիվ»: Երեւանը նոր քաղաքապետ կունենա, եթե Տարոն Մարգարյանը սեփական  դիմումի համաձայն  հրաժարական տա  կամ Երեւանի ավագանին նրան անվստահություն հայտնի: Սա ամրագրված է ՀՀ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում: Ասում է Երեւանի ավագանու « Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը. «Սեփական դիմումի համաձայն հրաժարական տալուց հետո երեք օրվա ընթացքում հրավիրվում է ավագանու նիստ, որտեղ որոշվում է այն օրը, երբ պետք է կայանա քաղաքապետի նոր ընտրություններ: Մյուսը՝ ավագանու 21 անդամի կողմից անվստահություն հայտնելու նախագիծն է»: Անվստահության նախագիծը ավագանու անդամները կարող են ներկայացնել քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին լրանալուց  հետո: Տարոն Մարգարյանի պաշտոնավարման մեկ տարին լրանում է հունիս ամսին: Սակայն Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը վստահ է, որ հանրային ճնշումների արդյունքում  ոչինչ չի բացառվում: