Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԽԽՎ-ում կզգուշանան». Արփինե Հովհաննիսյանը՝ կոռուպցիոն սկանդալի մասին

Հարցազրույց
arpine

ԵԽԽՎ պատգամավորներ Սամեդ Սեիդովը, Պեդրո Ագրամունտը, Ժորդի Շուկլայն ու Սեզար Պրեդայն ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի բուրգի վերեւի հատվածն են: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ հայտարարությանը, որում խոսվում է այս պատգամավորների այս կամ այն առնչություններն ադրբեջանական լոբբիստական աշխատանքներին: «Այս 4 պատգամավորներն ամենաերեւացողն ու ամենաազդեցիկն են. մի դեպքում խոսում ենք վեհաժողովի նախագահի, մյուս դեպքում՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողի՝ վերջերս ԵԺԿ խմբի համանախագահ դարձած Պրեդայի, որը հրաժարական տվեց այս սկանդալներից հետո, 3-րդ դեպքում՝ քաղաքական խմբի ղեկավարի մասին, 4րդ դեպքում էլ՝ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի մասին: Այսինքն, ըստ էության, բուրգի ամենաերեւացող, ամենաազդեցիկ հատվածն է, սակայն ադրբեջանական ցանցը, բնականաբար, չի սահմանափակվում եւ չի էլ սահմանափակվել այս չորսով: Այս պատգամավորների ազդեցության լծակները բավական շատ են եղել, սակայն ԵԽԽՎ-ում այս բացահայտումներից հետո արդեն կզգուշանան, ու շատ այլ պատգամավորների սանկցիաների հարց, կարծում եմ՝ կքննարկվի կամ՝ նվազագույնը, եթե նրանց անունները քննարկվում են, դա արդեն զգուշացում է: Ի դեպ, արդեն կան այդպիսիք, որոնց անունները շոշափվում են»: Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքի վրա ազդեցության տեսանկյունից անչափ կարեւոր էին այս բացահայտումները, քանի որ շատ պատվիրակներ իրենց ավելի զուսպ կդրսեւորեն. «Իսկ նրանցից շատերն ուղղակի, կարծում եմ, ադրբեջանական պատվիրակության հետ փոխառնչություններից կզգուշանան, իրենց նեյտրալ կպահեն: Ինչ վերաբերում է վեհաժողովին, ապա այն ընդհանուր առմամբ շատ ավելի ուշադիր կլինի Ադրբեջանի կողմից առաջ քաշվող գաղափարների, թեզերի, նրա կողմից լոբբինգ արվող բանաձեւերի նկատմամբ: ԵԽԽՎ-ում ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներով ադրբեջանական պատվիրակությունը միշտ է հանդես եկել, սակայն վեհաժողովը դրանց վերաբերել է՝ որպես հերթական ապատեղեկատվության: Այլ հարց է, որ տարբեր բանաձեւերում հենց այդ կոռուպցիոն սկանդալների շնորհիվ են ինչ-որ բան կարողացել անցկացնել»: Արդյոք կոռուպցիոն այս բացահայտումները նաեւ հայկական պատվիրակության աշխատանքի շնորհի՞վ է եղել: «Չէի ուզենա այդ գործընթացը մաքուր իմաստով որակել որպես հայկական պատվիրակության աշխատանքի արդյունք: Դա ադրբեջանական ապատեղեկատվության կամ լոբբինգի  հիմնասյուներից մեկն է. նրանք համարում են, որ իրենք ոչ մի բանում մեղավոր չեն, պարզապես հայկական լոբբին իրենց մեղադրեց իրենց չեղած մեղքերի մեջ, մինչդեռ մեր կողմից աշխատանք միանշանակ կատարվել է՝ միշտ ենք բարձրաձայնել, գաղտնիք չի եղել: Անկասկած՝ հայկական պատվիրակությունը տարիներ շարունակ տարբեր ձեւաչափերով ու առիթներով պնդել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը ստեղծել է կոռուպցիոն ցանց եւ այդ պատճառով է, որ մշտապես փորձել իր ցանկալի շատ որոշումներ անցկացնել վեհաժողովում»: