Առանց մշակույթի քաղաքը կունենար քառակուսի տներ, քառակուսի փողոցներ ու քառակուսի մարդիկ (տեսանյութ)

«Մշակույթի գործիչը նախ և առաջ պետք է արժանի վարձատրվի, որպեսզի մտածի ստեղծագործելու մասին, այլ ոչ թե ինչպես ապահովի իր ընտանիքը: Մշակույթի գործիչը պետք է զբաղվի միայն ու միայն մշակույթով: Իսկ առանց արվեստի, մարդը՝ մարդավարի ապրել չի կարող։ Պատկերացրեք, օրինակ, ինչ տեսք կունենար քաղաքը առանց ճարտարապետական ինքնատիպ լուծումների, քաղաքը կունենար քառակուսի տներ, քառակուսի փողոցներ ու քառակուսի մարդիկ»:

«Ա1+»-ի հարցազրույցը՝    Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանի հետ

-Պարոն Մարտիրոսյան, Ձեր մոտեցումը թավշյա հեղափոխությանը և ինչ սպասումներ ունեք։

-Մեկնեցի Հայաստանից ապրիլի կեսերին, վերադարձա մայիսի յոթին: Մեկնելուց՝ մի երկիր էր, վերադարձիս, ասես, մեկ այլ: Լինելով լավատես, հուսով եմ, որ փոփոխություները դեպի դրականը պետք է ընթանան: Կարևորը ճանապարհի կեսից ետ չդառնալ: Ամեն երկար ճանապահ սկսվում է առաջին քայլից:

-Ո՞րն է, ձեր կարծիքով, մշակույթի նախարարության դերը: Կա տեսակետ, որ այս կառույցը սպառել է իրեն:

-Բոլոր այն երկրները, որոնք որդեգրել են մշակութային կառույցների սուբսիդավորումը պետության կողմից, պետք է ունենան նաև համապատասխան կառույց՝ նախարարություն կամ վարչություն: Սա մշակութային քաղաքականության մի մոդել է: Կան երկրներ, որտեղ պետությունը չի ֆինանսավորում ու նաև չի խառնվում, և այստեղ գործում է հովանավորչական մոդելը: Օրինակՙ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք Մշակույթի նորանշանակ նախարարից:

-Հանդիպել եմ արդեն նախարարի հետ: Պետք է ասեմ, որ շատ դրական տպավորություն ունեմ: Դեպի ապագան նայող մարդ է: Սա շատ կարևոր է: Ինչքան կարելի է նայել դեպի անցյալը և խոսել սխալներից ու քննադատել: Պետք է առաջ գնալ ու գիտակցել, որ անգամ սխալների մեջ երբեմն ծնվում են հանճարեղ լուծումներ:

– Հարցազրույցներից մեկում, ասել էիք, որ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»: Այս օրերին ձեր մոտեցումը չփոխվե՞ց:

-Այո, ասել եմ ու կասեմ, որ արվեստագետը քաղաքանությամբ չպետք է զբաղվի, սակայն պետք է կանգնի իր ժողովրդի կողքին: